Ադրբեջանական Vesti.Az-ին տված հարցազրույցում անդրադառնալով Իրանի շուրջը բորբոքվող կրքերին եւ Ադրբեջանին սպառնացող հնարավոր վտանգին՝ անվտանգության գծով ադրբեջանցի փորձագետ, Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին փոխնախարար Սուլհադին Աքբերը նկատել է. «Այժմ հարաբերական հանգիստ է, բայց հաջորդ տարին կարող է մեզ համար թեժ լինել»: Նրա խոսքով, Ադրբեջանին առաջին սպառնալիքն այսօր «ադրբեջանական հողերի 20%-ի օկուպացիան է»։ «Անձնական փորձից ես գիտեմ, որ 1990-1992թթ., երբ ես ազգային անվտանգության փոխնախարար էի եւ մասնակցել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փակ բանակցային գործընթացին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ, այդ հարցի լուծումը ավելի մոտ էր, քանի որ Տեր-Պետրոսյանը Արեւմուտքին ինտեգրվելու կուրս էր որդեգրել»,-ասել է Աքբերը։
Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց կլինի՞, թե՞ ոչ, պատասխանել է, որ չի կարծում, թե նման բան կլինի։ «Քանի դեռ Ռուսաստանը գերիշխում է տարածաշրջանում, մասնավորապես Հարավային Կովկասում, այդ հարցը չի լուծվի։ Պետք է վերացվի ռազմաքաղաքական անհավասարակշռությունը։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է հրաժարվի իր պահանջներից տարածաշրջանում եւ հակամարտության լուծման ազդակ տա։ Բացի այդ, Ռուսաստանի ժողովրդավարության հարցն ինքնին մեզ համար առաջնային է»-ասել է նա։