ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ ավարտվել է Ճապոնիայի կառավարության՝ զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում հանրապետություն ներկրված 61 միավոր տրակտորի, 7 միավոր գութանի, 3 միավոր հավաքիչ-մամլիչների և 3 միավոր կցասայլակների իրացումը:
Դրանց մի մասը աճուրդով հատկացվել է գյուղատնտեսական կոոպերատիվներին և համատեղ պայմանագրով գործող սուբյեկտներին, մնացածը՝ իրացվել համայնքներում և սերմարտադրող կազմակերպություններում:
Աճուրդների մասնակիցները ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչներով ընտրվել են մրցութային հանձնաժողովի կողմից: Այս եղանակով տեխնիկայի տեր են դարձել շահառուներ հանրապետության բոլոր մարզերից:
Ապրանքների դրամայնացման արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հատուկ հաշվեհամարի վրա կուտակվել է շուրջ 268 մլն դրամ: Այն, սահմանված կարգով ճապոնական կողմի հետ համաձայնեցնելուց հետո, կրկին կօգտագործվի գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար:
Այդ ընթացքում, ՀՀ սեփականատերերին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերացրել է տարեկան տեխնիկական զննության պարտադիր պահանջը:










































