Իտալական La Gazzetta dello Sport թերթի փոխանցմամբ՝ Միլանի «Ինտեր»-ի կամերունցի հարձակվող Սամուել Էտոն դեռ կարող է դառնալ Մախաչկալայի «Անժի»-ի խաղացող։ Այսօր դաղստանյան ակումբի պաշտոնական ներկայացուցիչը ժամանել է Միլան՝ ակումբի և անձամբ խաղացողի հետ բանակցություններ վարելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Անժի»-ն կամերունցի ֆուտբոլիստի համար «Ինտեր»-ին առաջարկել էր 50 միլիոն եվրո, իսկ անձամբ խաղացողին՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ (ֆուտբոլիստի համար համաշխարհային մասշտաբով ռեկորդային աշխատավարձ), սակայն վերջինս մերժել էր այդ առաջարկը։
Այժմ նշվում է, որ միլանյան ակումբի սեփականատեր Մասիմո Մորատիի հետ ունեցած զրույցից հետո Էտոն որոշել է ևս մեկ անգամ քննարկել «Անժի»-ի առաջարկի մանրամասները։ Վերջնական վճիռը պետք է կայացվի 48 ժամից ոչ ուշ։










































