«Դեռևս բանակցությունները վերջնական արդյունք չեն տվել»,- այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նշելով, որ քանի դեռ ադրբեջանցիները չեն վերադարձել ելման դիրք:
«Շարժեր եղել են, բայց առաջխաղացում չկա։ Մեր բանակը վերահսկողության տակ է պահում բոլոր շարժերը: Սա պրովոկացիա է, Ադրբեջանը մենակ չի գործում, իրեն օգնում են իրենց դաշնակիցները և տարածաշրջանում ապակայունացման տրամաբանության շրջանակներում է: Սա լոկալ միջադեպ չէ, և այդ պատճառով էլ դիմել ենք ՀԱՊԿ-ին»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ բանակցությունները շարունակվում են:
Հիշեցնենք` երեկ` մայիսի 13-ին, ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։