Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Իզզեդին ալ-Քասսամի բրիգադը» հայտարարել է պայթուցիկներով զինված անօդաչու թռչող սարքերով Միջերկրական ծովում գազային հարթակի վրա հարձակում գործելու մասին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Ըստ արմատականների հայտարարության՝ տեղական արտադրության «Շիհաբ» կամիկաձե-դրոնները, որոնք թռչում են ցածր բարձրության վրա, առաջին անգամ են գործարկվում Իսրայելի դեմ։
«Մի քանի ինքնաշեն մահապարտ-դրոններ չորեքշաբթի օրվանից նշանակետի տակ են պահել Գազայի հատվածի հյուսիսային ափից ոչ հեռու գտնվող գազային հարթակը։ Ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների՝ այսօր ցերեկը հարթակին հարվածներ են հասցվել»,- հաղորդել են արմատականները։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը սպառնացել է ավելի կոշտ պատասխան տալ «շարունակվող ագրեսիային» և ՀԱՄԱՍ-ի ղեկավարների և ակտիվիստների սպանություններին։