
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, որը հայտնի է իր հակաէրդողանական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի գործողությունները Երուսաղեմում անվանել էր «վայրագ և ահաբեկչական»։
Նախօրեին իսրայելցի ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ-Աքսայի մզկիթը գրոհելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 200 պաղեստինցի: Վիրավորներ կան նաև իսրայելցի ուժայինների մեջ:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Նեթանյահուի որդին իր Twitter-ի էջում հրապարակել է քրդական դրոշը՝ կից նշելով Էրդողանի թվիթերյան էջի հղումը։
Այս հրապարակումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։
Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, որ Նեթանյահուի որդին միջամտում է Թուրքիա-Իսրայել քաղաքական հակամարտությանը։ Ավելի վաղ Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, նշել էր․ «Ես նրան նաև կհիշեցնեմ Թուրքիայի իրականացրած՝ հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնյաներին Փոքր Ասիայից»։