
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
–Պարոն Ասլանյան, ընտրությունների օրը պաշտոնապես հաստատված է, քարոզարշավը կմեկնարկի հունիսի 8-ին։ Դուք կողմնորոշվե՞լ եք, որպես ՀՀԿ-ական ինչպե՞ս եք վարվելու, որ ուժի համար եք աշխատելու։
-Վարվելու եմ այնպես, ինչպես բոլոր համայնքի ղեկավարները ընտրությունների կազմակերպման աշխատանքներում։ Աշխատավայրում քարոզ չի լինելու։ Այսպես է լինելու իմ ներգրավվածությունը ընտրություններին։
–Իսկ աշխատանքից դուրս ո՞ր քաղաքական ուժի համար եք աշխատելու, ՀՀԿ-ի՞։
-Աշխատանքից դուրս, երբ որևէ հրապարակային բան ունենամ ասելու՝ կասեմ։ Այս պահին զերծ եմ մնում կարծիք հայտնելուց։
-Բայց դուք ՀՀԿ անդամ եք։ ՀՀԿ-ի համար չե՞ք աշխատելու։
-Ես ՀՀԿ անդամ եմ, բայց քարոզով չեմ զբաղվում։
-Չե՞ք աշխատելու ՀՀԿ-ի համար։
-Ես աշխատելու եմ որպես համայնքի ղեկավար։
-Որպես համայնքի ՀՀԿ-ական ղեկավար կարող եք վարչական ռեսուրս օգտագործել ՀՀԿ-ի համար։
-Օրինակ դուք դա ոնց եք պատկերացնում։ Ընտրություններին իմ ներգրավվածության մասին դեռ չեմ կարող ասել։ Ւրավական առումով բացի որպես համայնքի ղեկավար որևէ ներգրավվածություն չեմ ունենալու ընտրություններին։
–Չե՞ք փորձելու վարչական ռեսուրս կիրառել։
-Որևէ անգամ վարչական ռեսուրս չեմ փորձել օգտագործել։ Ես գտնում եմ, որ քաղաքացիները, մանավանդ համայնքապետարանի ենթակայության տակ աշխատողները բոլորը գիտակից մարդիկ են և նրանց հատուկ ուղղորդելու կարիք չկա։
–Օրինակ Սպիտակի քաղաքապետն էլ է ՀՀԿ-ական և դա բացահայտ հայտարարում է, որ աշխատելու է ՀՀԿ-ի համար։ Դուք կարծես խուսափում եք դա բացահայտ ասել։
-Իմ աշխատանքը լինելու է Վանաձոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելը։ Իսկ աշխատանքից դուրս իմ անելիքը իմ անձնականն է։ Ես հո դա բոլորին բացահայտ չեմ ասելու։ Հազար բան կարա լինի։
–Քաղաքական գործունեությունը անձնական կյանք չէ՞։
-Այնքանով, որքանով իմ պաշտոնավարմանը չի վերաբերում, այդքանով անձնական է։ Իսկ եթե հրապարակային ինչ որ բան ունենամ ասելու, կասեմ։ Բայց հիմա ես կատարում եմ համայնքի ղեկավարի իմ պարտականությունները։
–Պարոն Ասլանյան, ես ուզում եմ հասկանալ՝ Դուք հավատարի՞մ եք ՀՀԿ-ին, թե ինչ որ բան է փոխվել։-Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին, հավատարիմ եմ մեր պետությանը և պետականությանը։
–Իսկ ՀՀԿ-ի՞ն, որի անդամ եք Դուք։
-Արդեն ասեցի, երբ որ հրապարակային բան ունենամ ասելու՝ կասեմ։
–Խուսափում եք ուղիղ պատասխանել՝ ՀՀԿ-ի համար աշխատելո՞ւ եք, թե՞ ոչ։
-Չեմ խուսափում։ Ես երրորդ քաղաքի քաղաքապետն եմ։ Ցանկացած հրապարակային խոսք կարող է դիտվել քաղաքական երանգավորումով։ Այս պահին, եթե նման որոշում չունեմ հրապարակային կարծիք հայտնելու չեմ ուզում նաև իմ անձնական կարծիքը հայտնել։ Երբ կլինեն ընտրությունները, ես ունեմ սկզբունքներ և կքվեարկեմ ըստ այդմ։ Երբ որ ես ուզենամ ինձ լսող մասսային ուղղորդել, ինչ որ բան ասել, դա կանեմ, բայց կրկնում եմ, այս պահին ես ոչ մի որոշում չունեմ։
Ինչպես ասեմ՝ ՀՀԿ-ի համար եմ աշխատելու, Քոչարյանի, ԲՀԿ-ի, թե Լուսավոր Հայաստանի։
–ՀՀԿ-ի՞ց էլ Ձեզ պահանջ չի ներկայացվել աշխատել իրենց համար Վանաձորում։
-Իսկ ըստ ձեզ այս պահին որևէ մեկը որևէ մեկի համար աշխատո՞ւմ է, որ ես էլ ասեմ, թե ում համար եմ աշխատում։
–Արդեն ընտրակաշառքի մասին խոստումներ են տրվում Դուք ասում եք չեն աշխատում։
-Ես նման բան չգիտեմ, չեմ լսել, անգամ ասեկոսեների մակարդակով։
–Իսկ ՀՀԿ-ն առանց ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի կարո՞ղ է ձայն հավաքել։
-Ես օրինակ ընտրվել եմ առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրսի գործադրման։
–Ձեր ընտրվելը բոլորն են հիշում՝ ինչպես է եղել։
-Այո, առավելագույն ձայները ես եմ հավաքել ու ես եմ ընտրվել օրենքի տառին համապատասխան։ Բոնուսային կարգն էլ օրենքի պահանջն էր։ Իսկ թե Վանաձորում ՀՀԿ-ի շանսերը ինչպիսին են, ես տեղյակ չեմ։ Երբեք ընտրություններին անձամբ մասնակցություն չեմ ունեցել, որ ասեմ, թե ով ինչ շանս ունի։ Բայց ես համարում եմ, որ քաղաքացիները ազատ կամարտահայտման միջոցով իրենց քվեարկությունը կատարեն ցանկացած պարագայում։
–Իսկ հնարավո՞ր է ՀՀԿ-ից դուրս գաք։
-Եթե դուսր գայի, դուրս կգայի։ Երբ որ նման որոշում կայացնեմ՝ կիմանաք։ Ես հրապարակային մարդ եմ և երբևէ կաշկանդված չեմ եղել որոշումներ կայացնելու հարցում։ Բայց այս պահին նման որոշում չունեմ։