
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ թեև իր ղեկավարած կառավարության հասցեին հնչում են ամենատարբեր քննադատությոննները, որ տապալել են հեղափոխական օրակարգը, բարեփոխումներ չեն իրականացվել միևնույն է հարկ համարեց թվարկել իրենց ձեռքբերումները, որոնց թվում նշեց եկամտահարկի փոփոխությունը: Փաշինյանը դարակազմիկ որակեց գույքահարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները:
Տնտեսագետ, Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ դրանք չի կարելի դարակազմիկ փոփոխություններ, ձեռքբերումներ համարել, քանի որ բոլորն են հիշում, թե ինչ քննադատությամբ ընդունվեց եկամտահարկի համահարթեցման օրենքը. «Մենք դեռևս քննարկումների ժամանակ ենք ասել, որ դա հակասահմանադրական քայլ է հարկային բեռի ու խտրականության առումով: Այսինքն սահմանադրության երկու նորմ է խախտվել համահարթեցման անցնելու պարագայում: ԱԺ-ում քննարկման ժամանակ ես բարձրաձայնեցի, որ եթե անցում է կատարվում եկամտահարկի համահարթեցման, ապա պետք է փոփոխվի նաև գույքահարկը, պետք է անցում կատարվի սոցիալական ակտիվների ներդրմանը, պետք էր ներդնել ներքին չհարկվող շեմի մասին գաղափարը և պետք է կենսագործվեր 2004 թվականից գործող նվազագույն սպառողական զամբյուղի և բյուջեի մասին օրենքը: Բայց իշխանությունը մի հակասահմանադրական, հարկային օրենսգրքի հայեցակարգին հակասող մի քայլ կատարեց՝ ընդամենը փորձելով դրանով բավարարել բարձր եկամուտ ունեցող անձանց շահերը: Եվ այդ անձինք, հեղափոխության շնորհիվ պետական կառավարման ղեկին հայտնվելով, հայտնվեցին շահեկան վիճակում: Այլ կերպ ասած՝ ժողովրդի հաշվին լուծեցին մի փոքր սոցիալական խմբի հարց և դա հիմա ներկայացվում է որպես դարակազմիկ փոփոխություն»,-նկատեց Արիստակեսյանը: Նրա խոսքով այս դարակազմիկ փոփոխությունը պետական բյուջեի վրա նստեց ավելի քան 27 միլիարդ դրամի չափով, այդքան գոմար բյուջե մուտք չի եղել միայն այդ՝ եկամտահարկի համահարթեցման փոփոխության պատճառով:
Ինչ վերաբերում է գույքահարկին, ապա տնտեսագետի խոսքով՝ այդ օրենքի հայեցակարգը, նախագիծը ներկայացրել է իրենց կազմակերպությունը և դեռևս նախորդ իշխանությունների օրոք խոսել են այդ մաիսն: Հիմա իշխանությունները ընդունելով իրենց գաղափարը, ամեն դեպքում օրենքն այնպես ձևափոխեցին, ձևակերպեցին, որ գույքահարկի ավելացման բեռն ընկավ ավելի ցածր արժեք ունեցող գույքատերերի վրա և ոչ թե ավելի բարձր արժեք ունեցող գույքատերերի վրա. «Չապահովվեց անհրաժեշտ պրոգրեսիվությունը՝ ելնելով գույքի մեծությունից ու արժեքից: Այսինքն այն միտքը, որը Փաշինյանը նշեց, թե դա սոցիալական արդարության սկզբունքից բխած փոփոխություն էր, այդպես չէ: Դանով նորից ապահովվեց մեծ արժեքով գույք ունեցող անձանց շահերը: Չկատարվեց համախառն եկամուտի բաշխում: Պարզապես մեծացվեց փոքր արժեք ունեցող գույքի վճարը: Եվ այդ առումով մեր գնահատականներով տարեկան 30 միլիարդ դրամի չափով պակաս գույքահարկ է հավաքվում պետական բյուջե: Այսինքն 27 և 30 միլիարդ դրանով հարստանում են բարձր եկամուտ ունեցողները և չի կատարվում սոցիալապես հավասար, արդար եկամուտի բաշխում»,-ընդդգծեց Արիստակեսյանը:
Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը ավելի ընդհանուր է դիտարկում հարցը: Նրա խոսքով մեկ-երկու կիսատ փոփոխությունները չեն կարող դարակազմիկ որակվել տնտեսական քաղաքականության ընդհանուր համատեքստում. «Վարչապետի խորհրդականները փորում են նրա գերեզմանը իրենց հիմար խորհուրդներով: Չնայած եթե մի երկրի էկոնոմիկայի նախարարը Վահան Քերոբյանն է, ես երևի թլպատվեմ և մուսուլման դառնամ: Երևի հենց նրանք են նման դարակազմիկ խորհուրդներ տալիս`այդպիսով մոլորեցնելով վարչապետին: Բայց խնդիրն այն է, որ այդ ամբողջը սխալ է, ամբողջն ուղղված է երկրի տնտեսությունը վերջնականապես սատկացնելու համար: Ինչ է նշանակում եկամտահարկ, գույքահարկ: Տնտեսագիտության մեջ հարկերը ածանցյալ են: Կարևոր է տնտեսական քաղաքականությունը, երկրի ինովացիոն զարգացումը: Հարկերը երկրորդական է: Հակառակը, երբ դիմում ես հարկերին, դա նշանակում է, որ վիճակդ այնքան վատ է, որ գնում ես հարկերի ճանապարհով զոռով բյուջե լցնելու ճանապարհով: Բայց վարչապետին խաբում են հենց իր նշանակած նախարարները, մոլորեցնում են, ասում են`դարակազմիկ փոփոխություններ ենք իրականացրել: Վարչապետն էլ այլ կարծիք չի լսում: Դրա համար էլ ունենք այս պատկերը, որ արդեն երկիր ենք կորցնում»,-ասաց Վարդանյանը: