
Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացրած բոլոր արաբական պետությունները պետք է փոխեն իրենց դիրքորոշումն ու խզեն խաղաղ համաձայնագրերը։ Նման կարծիք է հայտնել ՀԱՄԱՍ իսլամական շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ Ալ-Արուրին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ ու Շեյխ-Ջարահ շրջանում տեղի ունեցող իրադարձությունները հաստատում են, որ Իսրայելի հետ որևէ քաղաքական կարգավորման որոնումը բացարձակապես անհեռանկարային է։ Նա նշել է, որ «օկուպացիոն իշխանությունները տներ են զավթում արաբական թաղամասերում՝ քաղաքի ժողովրդագրական բնույթը փոխելու համար»։
«Անհնար է այլևս լռել Արևելյան Երուսաղեմում Իսրայելի կողմից իրականացվող հանցագործություններ մասին»,- ասել է նա։
Սալեհ Ալ-Արուրին նշել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն, քանի որ Արևելյան Երուսաղեմի ճակատագիրը հակամարտության առանցքն է։
«Դիմակայության ուժերն այս պահին ստանձնում են պատասխանատվություն ողջ Պաղեստինի և նրա ժողովրդի համար»,-հայտարարել է ալ-Արուրին։