
2 տարի առաջ, Բիշքեկում, Ռուսաստանի և Ղազախստանի այսպես ասած հովանու ներքո կնքվեց Արցախի առաջին պատերազմի զինադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրեցին հակամարտության երեք կողմ՝ Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը: Այդ համաձայնագիրը, սակայն անցնող 27 տարիներին ոչ միայն չվերածվեց խաղաղության կայուն պայմանագրի, այլ հակառակը՝ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հաճախ սկսեց տեղի ունենալ զինադադարի խախտում, ավելի ու ավելի մեծ տրամաչափով և ծավալով, և ի վերջո 2016 թվականի քառօրյայում հնչեց պատերազմի առաջին լուրջ ահազանգը, կարճատև պատերազմը, որը դարձավ փաստորեն 44-օրյա աղետալի և մասշտաբային բախման նախաբանը: Այժմ, ստեղծված նոր ստատուս-քվոյի պայմաններում թերևս բացարձակ անիմաստ է թվում Բիշքեկի համաձայնագրի հիշատակումը և այդ օրակարգի վերադարձը քաղաքական իմաստով:
Մյուս կողմից սակայն, հարկ է նկատել մի հանգամանք: 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև, որում նաև խոսվում է 1994 թվականի զինադադարի իրողությանը վերադառնալու, այդ պայմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին: Իհարկե այդ բանաձևերը ոչ միայն Ադրբեջանն ու նրա ներկայիս հովանավոր Թուրքիան չեն չանաչել, այլ օրինակ նաև Բիշքեկի համաձայնագրի հովանի կողմերը, հատկապես Ռուսաստանը՝ որն ինքը Մինսկի խմբի համանախագահ է: Եվ միանգամայն պարզ է, թե ինչու Ռուսաստանը չի խոսում և չի խոսի Բիշքեկ «վերադարձի» մասին, սակայն հայկական պետական քաղաքականության համար Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևն ու դրանում Բիշքեկի համաձայնագրի և դրա այսպես ասած դրությամբ եղած պայմաններին ու սահմաններին վերադարձի հարցը պետք է դառնա կարևոր ուղենիշերից մեկը, ընդ որում ոչ միայն սահմանների՝ շփման գծի, այլ նաև համաձայնագիրը ստորագրող կողմերի՝ եռակողմ ձևաչափի իմաստով: Այստեղ անշուշտ չէ ունենալ պատրանքներ, անգամ այն առումով, որ Ֆրանսիայի խորհրդարանը այդ դրույթները ներառել է Հայաստանին օգնելու նկատառումով: Այդ իմաստով կրկնենք շատ պարզ աքսիոման՝ որևէ երկիր միջազային քաղաքականության մեջ որևէ քայլ կատարում է իր շահերից ելնելով, և միայն մյուս երկրներն են, որ կարող են իրենց քաղաքականությամբ օգտվել նպաստավոր հանգամանքներից և հրաժարվել ոչ շահեկաններից: Այս պարագայում, Ֆրանսիան 44-օրյա պատերազմից հետո հայկական քաղաքականության համար ստեղծել է նպաստավոր պայման, այդ թվում 1994-ի հանգամանքի իմաստով: Ըստ այդմ, հայկական կողմը պետք է օգտագործի այդ պայմանը, և ոչ միայն պետական քաղաքականության մակարդակում, այլ քաղաքականության ընդհանրապես: Իսկ դա նշանակում է, որ պետք է օգտագործեն հայկական քաղաքականության մեջ ներգրավված բոլոր սուբյեկտները, եթե նրանք հայկական քաղաքականության սուբյեկտներ են: