
2021 թվականին հետպատերազմյան շրջանում թավիշը փրկել է քաղաքացիական պատերազմից, այսօր Այսօր Ազգային ժողովում, վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստի ժամանակ, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա դա հետպատերազմյան ճգնաժամի կառավարելի էական օրինակ համարեց։
«Մի խոստում կա, որ տվել ենք ու չենք կարողացել պահել, ասել ենք վերջ թավիշին ու պարզվել է, որ մենք ինստիտուցիոնալ նենց պայմաններ ենք ստեղծել, որ մենք դա այլևս չենք որոշում, ու դա լավ է։ 2020-21 թվականին հետպատերազմյան շրջանում էդ թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից։ Սա իրողություն է։ Էդ որ մեզ մեղադրում են՝ կառավարման ձախողում․․․ դուք ուզում եք ասել, որ փաստ էր, որ 2021-ի հետպատերազմյան ճգնաժամը կառավարվելու էր այսպե՞ս։ Մի հատ դուք տեսեք, թե ինչ իրավիճակ է հանրապետությունում։ Այո՛, մենք թուքումուր էլ ենք կերել, հայհոյանք էլ ենք կերել, ամեն ինչ, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, և դա հետպատերազմյան ճգնաժամի կառավարելի էական օրինակ է։ Էդ աղետից հետո Հայաստանի Հանրապետությունում մի կրակոց չի հնչել, հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը , և սա կարող էր տեղի ունենալ բոլոր ասպարեզում կառավարումը ձախողած իշխանության պայմաններո՞ւմ»։
Հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը համոզված է, որ Հայաստանում կեղծ գաղափարներ են նետվում և հետո այդ կեղծ գաղափարներով փորձում են արդարացնել սեփական անկարողունակությունն ու սխալները. «Նախ ի՞նչ է նշանակում՝ թավիշ։ Թավիշն իր փոխաբերական իմաստներով, այսինքն՝ իբրև փափուկ հյուսվածք քաղաքականության մեջ կիրառվում է փափուկ ուժ իմաստով։ Թեև պետք է իմանալ, որ կոշտ ուժ, փափուկ ուժ հակադրությանն այսօր համաշխարհային քաղաքականության մեջ գալիս է հակադրվելու խելացի ուժը՝ «smart power»-ը։ Հիմա թավիշի մասին այդ անիմաստ խոսակցություններն՝ առ այն, որ թավիշի շնորհիվ հետպատերազմյան շրջանում մենք խուսափեցինք քաղաքացիական պատերազմից, իրականում ընդամենը սեփական սխալների քողածածկույթ են։ Այսինքն՝ ծրագիր ու ռեալ գործողություններ կատարելու անունակություն, որ դրսևորեց այս թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Դիլբարյանի դիտարկմամբ՝մյուս կողմն էլ չկարողացավ գեներացնել հասարակության այնպիսի վստահություն, որ կատարվեին վճռական փոփոխություններ.«Իսկ վճռական փոփոխությունները ոչ թե քաղաքացիական պատերազմն էր, այ իրական իշխանափոխությունը և իշխանության մեջ այնպիսի մարդկանց կամ ուժերի ընդգրկումը, որոնք ունեն ծրագիր ու հմտություններ՝ հետպատերազմական, այսինքն՝ ճգնաժամային իրավիճակում հաղթելու համար։ Կարող ենք ասել, որ այդ նույն Հայրենիքի փրկության շարժումը, որն այսօր տրոհված է, կարող է ասել, որ ինքն էլ է թավիշ գործադրել, որպեսզի չհանգեցնի քաղաքական բախումների։ Բայց այս նախընտրական շրջաններում այդ բախումների տեսլականն ավելի առարկայական է դառնում»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ միջին գիծը պարտադիր էր.«Թավիշը շատ-շատ էր։ Դա էլ հղի է պետության ու պետականության քայքայման վտանգով։ Այդ սպառնալիքն առ այսօր էլ կա։ Թավիշն ինքնին վատ բան չէ, բայց եթե հասարակությունն ու պետությունը Չեխոսլովակիա է։Սրանց հետ ի՞նչ թավիշ անես»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արդյունքում, մեր զրուցակցի դիտարկմամբ, ժողովրդի հուսալքություն ունենք. «Մինչդեռ իշխանության հենարանը հենց ժղովուրդն էր»,-եզրափակեց նա։