Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ երկրում քաղաքացիական պատերազմի սպառնալիքի վերաբերյալ նամակ ստորագրած պաշտոնաթող գեներալներին աջակցություն հայտնած զինվորականների արարքը խիզախ չի համարում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդպես է նա մեկնաբանել Valeurs actuelles շաբաթաթերթի հրապարակած բաց նամակը, որի տակ ստորագրել է ավելի քան 40 հազար մարդ։
«Խոսքը գնում է անանուն մարդկանց մասին։ Դրանո՞ւմ է նրանց խիզախությունը՝ անանունությունո՞ւմ։ Երբ ցանկանում եք քաղաքականությամբ զբաղվել, ապա առաջադրում եք ձեր թեկնածությունն ընտրություններին։ Երբ ես դժգոհ էի իրավիճակից, ես գնացի ընտրությունների։ Ժողովրդավարական երկրում ընտրությունը կատարում է ժողովուրդը, ոչ թե մի քանի զինվորական»,- ասել է Դարմանենը BFM TV հեռուստաալիքի եթերում։