Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք է անում: Ընդամենը մի քանի տարի առաջ այդ նախադասությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարող էր նմանվել ոչ ավել, ոչ պակաս՝ սյուրռեալիզմի, բայց այն իրականություն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության առաջին անգամ պետք է մասնակցի ընտրության, ընտրական գործընթացի: Ֆորմալ իմաստով նա երեք անգամ մասնակցել է դրան՝ Արցախի նախագահի, Հայաստանի նախագահի պաշտոնների համար ընտրության, բայց Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ է ընտրական պրոցեսի մասնակցում ոչ դրա կազմակերպչի դիրքից, ոչ իշխանության դիրքից: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը այդ աննախադեպ դիրքում պայքարելու է թերևս հենց այն իշխանության դեմ, որը ղեկավարել է և որի գլխավորի կարգավիճակում մասնակցել ընտրական այդ գործընթացներին:
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է պայքարի ՀՀԿ դեմ, որը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և Արթուր Վանեցյանի հետ դաշինքով մասնակցելու է արտահերթ ընտրությանը: Իհարկե դա պայքարի միակ թիրախը չէ, քանի որ կառավարող նախկին համակարգը խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցելու է առնվազն ևս մեկ նկատելի բևեռով՝ ԲՀԿ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, անկախ իր հետհեղափոխական դիրքավորումներից, ըստ էության ուժ է, որը սերում է կառավարող նախկին համակարգից: Ավելին, այդ ուժը Հայաստանի քաղաքական կյանք է մտել հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահական կամ հետնախագահական ծրագրերի համատեքստում: Այլ հարց է, որ ծրագրերը չեն ստացվել և իրադարձությունները զարգացել են այլ տրամաբանությամբ, բերելով նաև Ռոբերտ Քոչարյան-ԲՀԿ փոխհարաբերության որոշակի տրանսֆորմացիայի:
Այդուհանդերձ, տրանսֆորմացնելով իր հարաբերությունները թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ հետ, ԲՀԿ-ն այդուհանդերձ չի տրանսֆորմացրել նախկին համակարգին իր բնորոշությունն ու դրա շրջանակում կենսագործունեության տրամաբանությունը: Ըստ այդմ, երեք այդ ուժերի ընտրազանգվածի շրջանակը կազմվելու է ըստ էության նույն շրջանագծով և նրանք պետք է պայքարեն դրա ամենամեծ կտորը վերցնելու համար, հաշվի առնելով այն, որ իրական մրցակցությունը խորհրդարանի ընթացիկ ընտրությանը թերևս լինելու է շատ ավելի լայն և ազդեցիկ, քան 2018 թվականին: Ըստ այդմ, շրջանագծից դուրս ակնկալիքներն այդ ուժերի համար այդքան էլ շոշափելի չեն, ինչը նշանակում է, որ թեժ է լինելու պայքարը շրջանագծից ներս: