Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Լավրովի այդ այցելությունը ուշադրության է արժանի թերևս նրանով, որ կարծես թե արարողակարգային անհրաժեշտություն չէր: Այսինքն, ՌԴ արտգործնախարարը Հայաստան է այցելել աշխատանքային ձևաչափով, իսկ Ծիծեռնակաբերդ այցելությունը Հայաստան ժամանող բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական ձևաչափով այցի արարողակարգ է: Ըստ այդմ, ՌԴ նախարարի այցը կարող ենք դիտարկել իբրև ժեստ: Հարցն այն է, թե ինչով է դա պայմանավորված:
Ինչպես հայտնի է, Լավրովի Հայաստան ժամանումը գրեթե զուգահեռ ուղեկցվել էր Պուտին-Էրդողան հերթական հեռախոսազրույցով, որի ընթացքում քննարկվել է նաև արցախյան գոտում առկա իրավիճակը և մասնավորապես ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը: Չի բացառվում, որ այդ իմաստով Թուրքիան մտահոգություն ունի կապված դեռևս ապրիլի 25-ին Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի և այդ առիթով տարածված այն տեղեկության հետ, որ Մոսկվան ու Փարիզը առաջիկայում կարող են անել Արցախի հարցին առնչվող նոր նախաձեռնություններ: Լավրովի Ծիծեռնակաբերդ այցը հնարավոր է արտահայտում է այդ իմաստով ռուս-թուրքական որոշակի անհամաձայնություններն ու անհարթությունները: Մյուս կողմից, այդպիսով Մոսկվան գուցե սակարկության հող է պատրաստում Լավրովի Բաքու կատարելիք այցից առաջ, որը տեղի կունենա մի քանի օր անց՝ մայիսի 10-11-ին:
Ի դեպ հետաքրքիր է, արդյո՞ք ՌԴ արտգործնախարարը Բաքու այցի շրջանակում էլ ծաղկեպսակ կդնի այսպես կոչված Շահիդների պուրակում, որն ինչպես հայտնի է Արցախի դեմ առաջին պատերազմի զոհերի հուշահամալիր է, ներառված Բաքվի պաշտոնական արարողակարգ: Նկատենք, որ Լավրովը Բաքու էլ այցելելու է աշխատանքային ձևաչափով, այսինքն առանց այդ արարողակարգային անհրաժեշտության: Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարի Ծիծեռնակաբերդ այցը գուցե ուշադրության է արժանի ԱՄՆ վարչակազմի քաղաքական ակտի՝ հայերի ցեղասպանության ճանաչման պատմական որոշման ֆոնին, որը խորքային առումով բացում է նոր քաղաքական շրջափուլ: Չի բացառվում, որ Մոսկվան այդպիսով փորձում է դուր գալ հայ հանրությանը: Ըստ այդմ, Լավրովի ժեստը անշուշտ ունի ոչ թե զգայական, այլ պրակտիկ քաղաքական մակարդակի դիտարկման, հասկանալու համար, թե Հայաստանի համար այն աշխատանքային ինչ հնարավորություն է առաջ բերում, և ինչ ռիսկեր կամ մարտահրավերներ: Զուգահեռ ուշադրության է արժանի իհարկե նաև հանգամանքը, որ Լավրովի այցին ընդառաջ եղավ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ երեք համանախագահների ստորագրությամբ, որով Բաքվին կոչ էր արվում արագ և ամբողջապես լուծել ռազմագերիների ազատ արձակման հարցը, միաժամանակ նաև բացել Արցախ մարդասիրական կառույցների այցի հնարավորությունն ու վերադառնալ բանակցային գործընթացի: Այդ հայտարարությունն իր հերթին հետաքրքիր է այն ֆոնին, որ Լավրովի Երևան այցի շեմին Բաքուն ազատ արձակեց երեք հայ ռազմագերիների, ինչը կարծես թե իր հերթին ժեստ էր Ռուսաստանի, կամ Ռուսաստանի ժեստն էր Հայաստանի ուղղությամբ:
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը սակայն հուշում է, որ այդ հարցում ոչինչ միարժեք չէ, քանի որ հայտարարությունն իհարկե չէր լինի առանց ՌԴ համաձայնության: Իսկ համանախագահների հայտարարության տողատակում էր թերևս այն, որ Բաքուն այդօրինակ ժեստերով չի կարող հարցեր լուծել: Այլ խնդիր է, թե համանախագահ երկրներից յուրաքանչյուրը ինչ հարցեր կարող է լուծել այդ հայտարարությամբ: