
Պետությունների արդյունավետության և հաջողության գրավականը անսխալ, իդեալական, անթերի, անվրեպ կառավարություն կամ իշխանություն ունենալը չէ: Պետությունները հաջողում են, արդյունավետ են ոչ թե անսխալական, անթերի կառավարությունների, այլ բազմազան հասարակական-քաղաքական համակարգերի շնորհիվ, որոնք թույլ են տալիս ապահովել հանրային ճկունության և կենսունակության հնարավորինս բազմաշերտ միջավայր: Այդ բազմաշերտությունը, հասարակական խմբերի, այդ խմբերի հիմքում ուղեղային կենտրոնների, տարբեր ինստիտուցիոնալ շերտերի առկայությունն ու բազմազանությունն է, որ պետություններին թույլ է տալիս լինել առավել կենսունակ ու ճկուն, որ պետություններին թույլ է տալիս տիրապետել կառավարությունների սխալները և բացթողումները մեղմելու, դրանց հետևանքը չեզոքացնելու հնարավորությունների: Այդ բազմազանությունը այն անվտանգության բարձիկն է, որին տիրապետում են հանրությունները, որ ունեն պետությունները: Այդ անվտանգության բարձիկն է, որ թույլ է տալիս կառավարությունների սխալները հեռու պահել ազգային կամ պետական աղետի հանգեցնելու ռիսկից կամ հեռանկարից:
Ահա այդ բազմազանությունից է, որ Հայաստանը զերծ է եղել թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո: Այդ բազմազանությունը և բազմաշերտությունը ձևավորելու խնդիրն է առանցքայիններից մեկը, որ կանգնած է հայկական պետականության առաջ ծանր պատերազմից հետո, առավել ևս աշխարհաքաղաքական այն բարդ, և սեղմվող, նեղացող միջավայրում, որտեղ Հայաստանի կարգի պետությունների կառավարությունների համար չսխալվելը դառնում է ավելի ու ավելի բարդ: Իսկ այդ դեպքում անվտանգության բարձիկը չի կարող լինել միայն բանակը: Բանակը պետք է լինի, այսպես ասած, վերջին, կարմիր գիծը, իսկ մինչ այդ պետությունները պետք է տիրապետեն այլ մեխանիզմների:
Սա լրջագույն խնդիր է հասարակության համար, որը կանգնած է համապետական նոր ընտրության շեմին և պետք է որոշի, թե ինչպես է տնօրինում հետպատերազմյան երկրի ճակատագիրը, և որին ըստ էության դրել են ընդամենը նախկին, թե ներկա որոշելու խնդրի առաջ:
Լուսանկարը՝ Photolure-ի