ԱՄՆ պետքարտուղարության հաղոդմամբ՝ ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղար Բլինկենը և Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը և քննարկել մի շարք հարցեր:
Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին գրառում էր կատարել այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։
«Հիշեցնեմ, որ «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել: Միաժամանակ, նախագահը լիազորված է շրջանցել օրենքը և աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, և յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին շրջանցում է այդ օրենքը՝ սկսած 2001 թվականից:
Այլ հարց է, որ Բայդենը խոստացել էր վերանայել այս օգնությունը, սակայն մենք այդ ուղղությամբ, ինչպես և բոլոր այլ ուղղություններով չենք աշխատել»,- գրել է Սարգսյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ ավանդաբար ամեն տարի այս ամիսներին Ադրբեջանի վարչակազմը 907-րդ բանաձևը շրջանցող նամակ է ուղարկում Կոնգրես և Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու պրոցես է սկսում.«Դեռևս պաշտոնական նամակը չկա, կարծում եմ՝ մոտ ժամանակներս կլինի։ Ըստ իս՝ այս տարի ևս Ադրբեջանը Միացյալ Նահանգներից կստանա օգնություն։ Պետք է հաշվի առնել, որ սա ԱՄՆ-ից տրամադրվող օգնություն է և այս օգնության հետ կապված բյուջեն Թրամփի վարչակազմի բյուջեն է, հաստատվել է նախորդ տարի։Այս առումով իհարկե բավականին լուրջ աշխատանք կա տանելու, որպեսզի հաջորդ տարվա համար 907-րդ բանաձևի շրջանցում չլինի՝ մանավանդ որ դրական ազդակներ այս վարչակազմի կողմից արդեն իսկ ստացել ենք՝ այն վերանայելու ուղղությամբ»։
Դիտարկմանը, որ անգամ ցանկության դեպքում Բայդենի վարչակազմը չէր կարող չշրջանցել բանաձև, մեր զրուցակիցն ասաց.«Եթե շատ սկզբունքային հարցեր լինի՝ կարող են վերանայել, բայց Ադրբեջանն իրենց համար սկզբունքային նշանակություն ունի։ Չմոռանանք նաև, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից օգնություն է ստանում Իրանի դեմ, դրա մասին բացեիբաց խոսում են՝ այդ թվում նաև դեսպանն իր վերջին հարցազրույցում ասաց։ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար շարունակում է մնալ կարևոր, որովհետև Աֆղանստանի զորքերի ամբողջ մատակարարումը իրականացվում է հենց Ադրբեջանի տարածքով, իսկ ԱՄՆ-ն իր զորքերը դեռ դուրս չի բերել Աֆղանստանից»։
Խոսելով ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցի մասին, ամերիկագետը կարծիք հայտնեց, որ դա արվել է պարիտետը պահելու համար, քանի որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։