Եվրամիության երկրները կընդունեն զբոսաշրջիկներին, ովքեր ստացել են պատվաստանյութեր, որոնք վավերացված են ԵՄ կարգավորիչ մարմնի կողմից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը The New York Times- ին տված հարցազրույցում։
«Մի բան բացարձակապես պարզ է. ԵՄ բոլոր 27 երկրներն անվերապահորեն կընդունեն յուրաքանչյուրին, ով պատվաստվում է դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված դեղամիջոցներով (EMA)», – ասել է ԵՀ ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե միության քաղաքականությունն ինչպիսին կլինի այն զբոսաշրջիկների նկատմամբ, ովքեր պատվաստվում են այլ պատվաստանյութերով։
Ֆոն դեր Լեյենը հիշեցրել է, որ տուրիզմը մեծապես կախված է նաև տարածաշրջանում COVID-19-ի համաճարակաբանական իրավիճակից:
Նշենք, որ մինչ օրս EMA-ն հաստատել է ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech, բրիտանա-շվեդական AstraZeneca, ամերիկյան Moderna և Johnson & Johnson ընկերությունների մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութերը: