Կառավարությունն ընդունեց որոշում, որով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնին: Ըստ նախագծի հիմնավորման, դրա արդյունքում անվճար բժշկական օգնություն է տրամադրվելու հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց:
Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվելու է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածը ծառայելու է որպես պրոթեզավորման լաբորատորիա: Կենտրոնը հագեցվելու է ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա շահառուներին ունենալ որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ: Միաժամանակ, շենքի ձախակողմյան հատվածում գործելու է միկրովիրաբուժության բաժանմունք, որը ծառայելու է պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների վերացմանը: Շահառուները կենտրոնում ստանալու են նաև կրթություն, լուծվելու են նրանց աշխատանքի տեղավորման, սոցիալական ինտեգրման համալիր խնդիրները: