Երեկ Վլադիսլավ Լիստևի մրցանակի առաջին դափնեկիր է դարձել հայտնի ռուս լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը: Իր շնորհակալական ելույթում նա խոսել է Ռուսաստանում լրագրության ոլորտում ներկայումս ստեղծված իրավիճակի մասին: Նա ցավով փաստել է, որ հեռուստատեսությունը Ռուսաստանում ամբողջությամբ կորցրել է ունակությունը` երկրում ստեղծված իրավիճակի մասին անաչառ լրատվություն տալու. այն ամբողջությամբ միտված է սպասարկելու իշխանության շահերը:
Նրա խոսքերով` այն բանից հետո, երբ հեռուստաընկերություններն անցան պետության ձեռքը, բոլոր հաղորդումները բաժանվեցին հեռուստատեսությամբ թույլատրվողների եւ չթույլատրվողների: Իսկ ցանկացած հաղորդման հետևում երեւում են իշխանության շահերն ու նպատակները, նրա տրամադրությունները, հարաբերությունները, նրա ընկերներն ու ընկերուհիները:
Նա նաև նշել է, որ այժմ հեռուստեսային նորությունները «նորություններ չեն, այլ հնություններ», իսկ տեղեկատվությունը «տեղեկատվություն չէ, այլ իշխանության փիար կամ հակափիար»: Նա այժմյան հեռուստատեսությունը համեմատել է խորհրդային հեռուստատեսության հետ: Խոսելով լրագրողների վրա կատարվող հարձակումների և սպանությունների մասին` նա իշխանություններին մեղադրել է անհետևողականության մեջ:
Իսկ վերջում լրագրողը նշել է, որ ինքը չի ցանկանում մեղադրել իր գործընկերներից որևէ մեկին, ինքն էլ պայքարող չէ և ուրիշներից էլ սխրանքներ չի ակնկալում: «Բայց անհրաժեշտ է իրերն անվանել իրենց անուններով»,- ավարտել է նա: