«Նրանք, ովքեր կկազմակերպեն Ռուսաստանի անվտանգության հիմնարար շահերին սպառնացող սադրանք, կզղջան իրենց արարքների համար», հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը, Պետդումայի Դաշնային Խորհրդի առաջ ամենամյա ուղերձը ընթերցելիս: Պուտինի այդ միտքը արտահայտվել է Արևմուտքի հետ հարաբերության համատեքստում, որտեղ նա հերթական անգամ արել է կոշտ արտահայտություններ: Այդուհանդերձ, ՌԴ նախագահի հայտարարությունը հարց է առաջացնում Արցախի դեմ տեղի ունեցած պատերազմի առնչությամբ: Ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանը՝ այդ պատերազմը ՌԴ հիմնարար շահերի դե՞մ էր, թե՞ դրանց օգտին: Թուրքիան և Ադրբեջանը զղջալո՞ւ են, որ սադրանք են կատարել Ռուսաստանի հիմնարար շահերի նկատմամբ, ինչի հետևանքը եղել է այն, որ Արաքս գետի ափով գծված կովկասյան ռուս-թուրքական սահմանը ներկայումս անցնում է արդեն Շուշիով:
Թե՞ Ռուսաստանի հիմնարար շահերն էին պահանջում, որպեսզի Արաքսի հովիտը և Շուշին հանձնվեն Թուրքիային, եթե դրա դիմաց էլ Թուրքիան Ռուսաստանի համար ապահովում էր ռազմական ներկայություն Արցախի այսպես ասած հյուսիսային հատվածում: Սրանք համենայն դեպս հարցեր են, որոնք իհարկե առաջանում են ամենևին ոչ ՌԴ նախագահի ուղերձից, դրանք կան վաղուց, ընդ որում տարիներ ի վեր՝ խորքային տրամաբանության առումով, և մասնավորապես՝ Արցախի դեմ պատերազմի ընթացքում և դրանից հետո: Այս հարցերը հասկանալը հայ ժողովրդի համար շատ կարևոր է, որպեսզի հայկական պետականության անվտանգային համակարգն ու ռազմավարությունը գծագրվի, մշակվի համարժեք բովանդակությամբ և սցենարներով, համարժեք գնահատումով, և համարժեք լինեն հայկական պետականության անվտանգային նոր համակարգի լուծումները: Որովհետև, գուցե Հայաստա՞նն է թավշյա հեղափոխությամբ «սադրանք» կատարել ՌԴ հիմնարար շահերի հանդեպ և զղջացել դրա համար: Համենայն դեպս, պետք է հասկանալ, ու նաև հասկանալ միմյանց՝ Հայաստան-Ռուսաստան տիրույթում: Որովհետև, եթե Ռուսաստանում պատկերացնում են, թե Հայաստանի շահը հանձնելը օգնելու է պահել Ռուսաստանի հիմնարար շահեր, ապա դա մեղմ ասած մոլորություն է, եթե իհարկե Ռուսաստանի ներկայիս տնտեսա-քաղաքական վերնախավի համար կարևոր է Ռուսաստանի շահը, այլ ոչ նաև դրա հաշվին տնօրինվող տասնյակ և հարյուրավոր միլիարդները: