Կփոխի՞ որևէ բան հայ ռազմագերիների ճակատագրում ԵԽԽՎ լիագումար նիստում ռազմագերիների հարցի քննարկումն ու Ադրբեջանի հասցեին այն ելույթները, որոնք հնչեցին քննարկման ընթացքում: Համենայն դեպս չկա որևէ նախադրյալ կամ գործոն, որը թույլ կտա խոսել այդպիսի փոփոխության հավանականության մասին: Ինչ խոսք, վատ չէ, որ եղավ քննարկում, խնդիրը հնչեց այդ ամբիոնում, բայց շատ կարևոր է հասկանալ այդ իրադարձության կոնկրետ ՕԳԳ-ն: Օրինակ, դրան մասնակից հայաստանցի պատգամավորների համար քաղաքական ՕԳԳ-ն շոշափելի է:
Մեր պատգամավորները, մեր պատվիրակության անդամները՝ թե կառավարող մեծամասնության, թե խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների, ունեցան բավականին ուժեղ ելույթներ: Հայաստանի հանրային լսարանում դա նկատվեց, կգնահատվի, մեկի դեպքում շատ, մյուսի դեպքում՝ քիչ: Բայց, ինչո՞ւ Հայաստանի պատգամավորները չեն բարձրացնում ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը կամ ձայնից զրկելու, կամ ընդհանրապես կառույցից հեռացնելու հարցը, որպես հայ ռազմագերիների խնդրում կոնկրետ, առարկայական քայլ՝ տպավորիչ ելույթներից բացի: Այդ քայլը չի՞ ստանա բավարար աջակցություն ԵԽԽՎ-ում: Այդ դեպքում կբացահայտվի, որ այդ կառույցը ըստ էության չունի գործնական քաղաքական ազդեցություն ու նշանակություն, և այնտեղ նշանակություն և ազդեցություն ունի ադրբեջանական խավիարը կամ նավթը, երբեմն էլ հայկական «բաստուրման», եթե խոսքը վերաբերում է հայաստանյան կալիբրի խնդիրների: Իսկ այդ դեպքում գուցե պետք է ունենալ բոլորովին այլ ելույթներ, ասելով ԵԽԽՎ պատվիրակներին՝ եթե խոսելուց բացի, չեն լինելու կոնկրետ քայլեր, այդ դեպքում գուցե չլինի նաև խոսե՞լը, որովհետև բացի քաղաքական խաղարկումների առարկա դառնալուց՝ ինչի մասին ի դեպ վկայեց նաև հարցը լիագումար նիստ ընդգրկելու վերաբերյալ քվեարկության պատկերն ու պատմությունը, այդ հանգամանքը փաստորեն չի լուծում որևէ այլ գործնական հարց: