ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը հայտարարել է, որ կքննարկի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեպքում հնարավոր տարբերակները: Ըստ «Ինտերֆաքսի», նա նաև հայտարարել է, որ «կհակազդի Ռուսաստանի՝ որպես միջնորդ, այլ ոչ թե հակամարտության կողմ հանդես գալու փորձերին»:
«Ուկրաինայում և նրա շուրջ լարվածությունն արագորեն աճում է: Արտաքին գործերի խորհուրդը հստակ ազդանշան է հղել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հավաքական աջակցություն ցուցաբերելու մասին», – հաղորդել է Բորելը:
Նա նշել է, որ ԵՄ արտգործնախարարները տեսակոնֆերանսի են հրավիրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային:
Նախարարները համաձայնել են, որ երկկողմ շփումներում պետք է միասին խոսեն Ռուսաստանի հետ:
Բորելը նաև հայտարարել է, որ մասնակցելու է Ղրիմի միջազգային պլատֆորմի գագաթնաժողովին, որը նախատեսված է օգոստոսի 23-ին, Կիևում: