«Բազմազան, բայց ոչ անկախ». այսպես է բնութագրում հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այսօր հրապարակած իր տարեկան զեկույցում:
Ըստ զեկույցի, մամուլի ազատության մակարդակով Հայաստանն այսօր աշխարհի 180 երկրների թվում 63-րդն է։ Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը երկու հորիզոնականով նահանջել է, բայց շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկը՝ զիջելով միայն հարևան Վրաստանին։
Անդրադառնալով հարևան Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրում է՝ «մամուի ազատության ցուցանիշով երկիրը շարունակում է աշխարհի հետնապահների թվում մնալ՝ զբաղեցնելով 167-րդ հորիզոնականը»։
Ինչ վերաբերում է Հայաստանին սահմանակից մեկ այլ պետությունում՝ Թուրքիայում տիրող կացությանն, ապա այստեղ, ըստ զեկույցի հեղինակների, հիմնական խնդիրը շարունակում է մնալ լրատվամիջոցների նկատմամբ Էրդողանի կառավարության կողմից սահմանված գրեթե լիակատար վերահսկողությունը։