Թուրքիայի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ժխտելու և ցեղասպանական շարունակական քաղաքականությանը, դրանց դիմագրավելու քայլերին և այդ համատեքստում նաև՝ հայ-թուրքական հարաբերություններին են անդրադարձել Հայաստանի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները, պատմաբաններն ու թուրքագետները ապրիլի 20-ին Գիտությունների Ազգային ակադեմիայում կլոր-սեղանի ձևաչափով կայացած քննարկմանը: «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով քննարկման թեմայի արդիականությունն իր խոսքում կարևորեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:
«Եթե փորձենք հայ-թուրքական հարաբերությունները վերլուծել Հայոց ցեղասպանության համատեքստում, կտեսնենք, որ Թուրքիան միշտ փորձել է օրակարգից հանել Հայոց ցեղասպանության խնդիրը և հարաբերություններն ի վնաս մեզ կառուցել»,- ասաց Մելքոնյանը:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանի խոսքով՝ ցեղասպանության կրկնությունը թույլ չտալու և մարտահրավերներին դիմագրավելու քայլերից է՝ հայկական քաղաքագիտության, պետական քաղաքականության կարևորության գիտակցման, կազմակերպվածության մակարդակի բարձրացումը և համապատասխանեցումը հայ ժողովրդի քաղաքակրթական աստիճանին:
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության տասնամյակներ շարունակվող ժխտողական քաղաքականության համատեքստում, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման լավատեսական հիմքեր չի տեսնում գործում:
«Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ոչ միայն իրականացրել է ցեղասպանությունը, այլև՝ ինստիտուցիոնալ մակարդակով, նախագահական ինստիտուտի հովանավորությամբ ժխտման քաղաքականություն է իրականացնում»,-ասաց Մելքոնյանը:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Թուրքիան վտանգ է ներկայացնում ոչ միայն հայոց ազգային ու պետական անվտանգությանը, այլ նաև՝ ինքնությանը:
«Թուրքիայում՝ Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության շուրջ տեղի ունեցող գործողությունները, ըստ էության, մեր ինքնությանը հարված հասցնելու նպատակ ունեն»,-ասաց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ նման պայմաններում պետք է ուժեղացնել ազգային ինքնությունն ու Հայկական լեռնաշխարհի սահմաններում հայոց պետականությունը վերականգնելու խնդիր դնել:
ՀՀ ԳԱԱ-ի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում էին գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պատմաբաններ, թուրքագետներ, անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորություններին, անելիքներին, սերունդների հիշողության ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման կարևորությանը: