Պատերազմի մասին հրապարակային քննարկումներն արդյո՞ք տեղին են. որոշ գեներալներ նշում են, որ կարմիր գծերն արդեն անցնում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Գելափ ինթերնեյշնըլ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց. «Ես չեմ կարող ասել, թե որքանով են ճիշտ այդ ծավալով քննարկումները և բացահայտումներ իրականացնելը, ամեն դեպքում դրանք մնում են օդից կախված լուրերի մակարդակում: Այդ մակարդակով խոսակցություններն ավելի լավ է չլինեին, քան կան: Բայց գլոբալ առումով բացահայտումներն անհրաժեշտ են, դա մասնագիտական քննարկումների խնդիր է, և եթե կարելի է հրապարակել, ապա պետք է հրապարակել, եթե ոչ, իրավական ընթացք պետք է տալ»:
Վերլուծաբան Արեգ Քոչինյանը նշեց, որ պարտությունից հետո գաղտնազերծումներն անհրաժեշտություն են, քանի որ հասարակությունը պետք է ճանաչի իր հերոսներին ու հակահերոսներին, հանցագործները պետք է պատժվեն: Վերլուծաբանի խոսքով՝ պարտությունից հետո հետևություններ չանելն ամենավատ բանը կլինի. «Մեզ համար առաջնային պետք է լինի մեր պարտությունից դասեր քաղելը»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառվել և քննարկվել է հայ ռազմագերիների հարցը, Արեգ Քոչինյանը նշեց, որ ԵԽԽՎ-ից շատ բան սպասել պետք չէ: «Ըստ էության՝ մեզ համար վնաս ունեցավ ռուսական կողմի անհասկանալի քվեարկությունը, բայց այդ հարցի ծավալումը, թե ինչու ՌԴ պատվիրակությունը հայ գերիների հարցի վերաբերյալ այդպես քվեարկեց, այս պահի դրությամբ Հայաստանի շահերից չի բխում»:
Արամ Նավասարդյանը հավելեց, որ այդպիսի կառույցները, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, պետք է առավել ակտիվ լինեին 44-օրյա պատերազմի ընթացքում, ոչ թե հիմա փորձեին ինչ-որ ակտիվություն դրսևորել:
Մանրամասները՝ տեսանյութում: