Երեկ, ինչպես հայտնի է, Ադրբեջան ժամանեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Բաքվում ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե ԵԱՀԿ պետությունների ղեկավարների հանդիպումը շատ կարևոր է, և այդ պատճառով պետք է դրան շատ լուրջ նախապատրաստվել։ Ֆասիեն հիշեցրել է, որ միջնորդները եկել են Մոսկվայից, որտեղ հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Մենք կհանդիպենք Ադրբեջանի նախագահի հետ, իսկ վաղը կմեկնենք Երևան։ Եթե հիշում եք, անցած տարի Աթենքում միջնորդ պետությունների ղեկավարները ստորագրել են շատ բովանդակալից հայտարարություն։ Այս տարի էլ ԵԱՀԿ անդամ պետությունների գագաթնաժողովն է։ Այս հանդիպումը շատ կարևոր է, այդ պատճառով պետք է լրջորեն պատրաստվել»,-հայտարարել է նա, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։