Oգոստոսի 1-29-ը իսլամական աշխարհը նշում է Ռամադանը: Այս ընթացքում մուսուլմանները հանուն Աստծո ծոմ են պահում։ Ծոմապահությունը Մուհամմեդ մարգարեից ավելի քան 1400 տարի առաջ է առաջացել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իրանից Երևան ժամանած, Երևանի միակ գործող Կապույտ մզկիթում հյուընկալված իրանցի հոգևորական Մուհամմեդ Ֆալլահը: Նրա հետ զրույցում փորձեցինք պարզել, թե մուսուլմաններն ինչպես են նշում Ռամադանը Կապույտ մզկիթում, փորձեցինք հասկանալ ծոմապահության խորհուրդն ու նպատակը:
Հոգևորականի խոսքով՝ ծոմի միջոցով մարդիկ հաղորդակից են լինում աղքատների վիճակին, պատկերացում կազմում Դատաստանի օրվա սովի ու ծարավի մասին: «Ծոմապահությունը մարդու ականջը, աչքը, լեզուն, ձեռքը ու ամբողջ էությունը սրբագործում է, մարդուն մոտեցնում Աստծուն: Պետք է ծոմ պահել մաքուր մնալու, Աստծուն սիրելի դառնալու համար: Դրախտի դռները ծոմապահողների առջև բաց են, իսկ դժոխքի դռները՝ փակ»,- ասում է Մ.Ֆալլահը:
Նրա խոսքով՝ Ռամադանի օրերին մուսուլմաններն արշալույսից մինչ մայրամուտ չեն ուտում, ջուր չեն խմում, անգամ ծխախոտ չեն ծխում: Ծոմը լուծվում է Ռամադանի վերջին օրը՝ Ֆեթրին: Այդ օրը մարդիկ գնում են մզկիթ, աղոթում, Աստծուն փառք տալիս, ապա գնում բարեկամներին այցելության:
«Ֆեթր տոնին ամեն մարդ պետք է գնի 4 կիլոգրամ ցորեն կամ գարի ու նվիրաբերի աղքատներին»,- պարզաբանեց իրանցի հոգևորականը:
Ռամադանն իսլամական լուսնային օրացույցի 9-րդ՝ սրբազան ամիսն է, որը շարժական ամիս է ու տևում է 29-30 օր:











































