Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջովին աջակցում է ՈՒԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի ստեղծմանը հակազդելու հարցում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Կառավարությունն ուշադրությամբ հետևում է ֆուտբոլային Սուպերլիգայի նախագծի շուրջ ընթացող քննարկումներին և հաստատակամորեն աջակցում է եվրոպական և իտալական պատկան ֆուտբոլային մարմիններին, որպեսզի պահպանվեն ազգային առաջնությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան դեմ էր արտահայտվել Սուպերլիգայի ստեղծմանը, նշելով, որ այդ նախագծին միանալն ակումբներին դուրս է բերում ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված միջազգային ֆուտբոլային հարթությունից:
Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:
Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո: