ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 19-ին տեղի է ունեցել «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով գումարված փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Պատվիրակությունները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետությանը հանդիպման կազմակերպման և արդյունավետ քննարկումներ անցկացնելու հնարավորության համար։ Մասնակից հինգ պետությունների պատվիրակները վերահաստատեցին իրենց հետաքրքրվածությունը համաձայնագրի մշակման և ստորագրման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համաձայնագրի նախագծի շուրջ նախորդ հանդիպմանը չհամաձայնեցված դրույթներին: Ստորագրվել է արձանագրություն, որով նախատեսվում է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։