Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5.2 մլն մարդ, հիվանդացության մակարդակը շարունակում է աճել արդեն 8-րդ շաբաթը շարունակ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
«Covid-19-ի հիվանդացության թվերն աճում են 8-րդ շաբաթը շարունակ, անցած շաբաթ վարակվել է 5.2 մլն մարդ: Մահացությունը շարունակում է աճել 5-րդ շաբաթը շարունակ»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվ 142 մլն 343 հազար 448 է, հիվանդությունը հաղթահարել է 120 մլն 821 հազար 422 հոգի, մահացել՝ 3 մլն 37 հազար 44 մարդ: