Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղն ապրիլի 19-ին հրապարակել է առաջին թեկնածուի անունը, որը մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու ցանկություն է հայտնել:
Հանդես գալով պատգամավորների առջև՝ Համուդա Սաբաղը հայտարարել է, որ Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանում հայտ է ստացվել քաղաքացի Աբդալա Սալյում Աբդալայից, որը ծնվել է 1956 թվականին՝ Հալեպում:
Այդ հավակնորդն ուղերձով դիմել է օրենսդիրներին՝ իր թեկնածությունը պաշտպանելու համար: Թեկնածուի նախընտրական ծրագրի մասին տեղեկություն չկա։
Հանրապետության Բարձրագույն սահմանադրական դատարանն ապրիլի 19-ից սկսել է փաստաթղթեր ընդունել թեկնածուներից, ովքեր ցանկություն ունեն մասնակցել նախագահական ընտրությունների արշավում: Գրանցումը կշարունակվի տասն օր՝ մինչև ապրիլի 28-ը:
Սիրիայի նախագահի նախորդ ընտրությունները կայացել են 2014 թվականին և անցել են այլընտրական հիման վրա:
Քվեարկությանը մասնակցել է Սիրիայի քաղաքացիների 73,5 տոկոսը:
Ընտրություններում հաղթել է Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության առաջնորդ Բաշար Ասադը, որը ստացել է ձայների 88,7 տոկոսը: 2012 թվականին ընդունված՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրությունը արգելում է երկու անգամ անընդմեջ յոթնամյա ժամկետով նախագահի պաշտոնում լինելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: