Համաճարակը բացասաբար է անդրադարձել համաշխարհային, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսությունների վրա. աղքատների թիվն աճել է, բայց ոչ այնքան, որքան սպասելի էր, ասում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այսկերպ նա մեկնաբանեց ռուս գործարար Օլեգ Դերիպասկայի և «Ռոսստատի» միջև վեճը՝ աղքատության ստորին շեմում գտնվող ռուսաստանցիների թվի վերաբերյալ վիճակագրության շուրջ:
«Նպատակային աջակցության միջոցառումներն են գործում: Աղքատության դեմ պայքարը կառավարության և երկրի ղեկավարության հիմնական խնդիրներից է»,- ասաց Պեսկովը:
Կրեմլի խոսնակը շեշտեց, որ «Ռոսստատը» մեծաքանակ տվյալներ ունի, և պետք է վստահել գործակալությանը:
Ավելի վաղ «Ռոսստատը» հայտնել էր, որ Ռուսաստանում աղքատների թիվը 17,8 միլիոն մարդ է: Եվ սա 300 հազար մարդով պակաս է 2019-ի տվյալներից: Փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված է բնակչությանը սոցիալական աջակցության ցուցաբերմամբ: