Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Բելառուսում պետական հեղաշրջման փորձին:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ղեկավարների զրույցի մասին: Խոսվել է Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունների կողմից մահափորձ նախապատրաստելու մասին:
«Այո, կարող եմ», – պատասխանել է Պեսկովը «Արդյո՞ք Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը իսկապես անդրադարձել են Բելառուսում տիրող իրավիճակին և կարո՞ղ եք դուք դա հաստատել» հարցին:
Հայտնի է, որ ԲԴԾ-ն բացահայտել է Բելառուսում նախատեսվող հեղաշրջման մանրամասները: ԱՄՆ և Բելառուսի երկքաղաքացիություն ունեցող Յուրի Զյանկովիչը և Բելառուսի քաղաքացի Ալեքսանդր Ֆեդուտան, ծրագրել են գրավել ռադիոյի և հեռուստատեսության կենտրոնները:
Բացի այդ, Պետդեպարտամենտն արձագանքել է Բելառուսում հեղաշրջման փորձի հետ ԱՄՆ կապի մասին հայտարարություններին: Ամերիկյան կողմը հերքել է որևէ կապ նման դավադրությունների և գործողությունների հետ: