Արքայազն Հարին ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ ապրիլի 17-ին Վինձորի ամրոցում տեղի է ունեցել նրա պապի՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությունը:
Վինձորի ամրոցում հուղարկավորության ժամանակ արքայազններ Ուիլյամն ու Հարին կողք կողքի չեն քայլել, նրանց միջև եղել է արքայադուստր Աննայի որդին՝ Փիթեր Ֆիլիպսը: Աղբյուրները հայտնել են, որ արքայազն Ուիլյամն այդ հարցով անձամբ է դիմել արարողության կազմակերպիչներին:
Ըստ The Mirror-ի, «թագավորական ընտանիքի անդամները սառն են դիմավորել արքայազն Հարիին». նրանք գտնում են, որ Հարին «իրեն սարսափելի վատ է պահել»:
«Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Հարիի և Մեգանի ասածներից հետո նրա հանդեպ համակրանքը շատ քիչ է: Թագավորական ընտանիքի անդամները խիստ հիասթափված են: Նրանք հանդես են գալիս միասնական ճակատով և գտնում են, որ նա իրեն սարսափելի վատ է պահել»,- ասել է պարբերականի աղբյուրը:
Սկանդալային հարցազրույցից հետո սա Հարիի առաջին հանդիպումն էր ընտանիքի հետ: