Սերբիան շահագրգռված է ռուսական գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ: Այդ մասին հանրապետության ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
«Սերբիան շահագրգռված է գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ, քանի որ մեր պահանջները տարեցտարի աճում են»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանից գազի մատակարարման գոյություն ունեցող պարտավորագրի հնարավոր երկարացմանը կամ նոր պարտավորագրի կնքմանը վերաբերող հարցին: Նրա խոսքով՝ Սերբիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների բաժինն ավելացել է մինչև 62 տոկոս՝ տարածաշրջանի գծով դրանց ընդհանուր ծավալից:
«Նույնիսկ համավարակի ժամանակաշրջանում մենք շահագրգռված ենք Սերբիայում օտարերկրյա ներդրումներով, ինչը նշանակում է, որ գազի մատակարարման ավելացման կարիք ունենք: Եվ ես լիովին վստահ եմ, որ այդ հարցը քննարկելու ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ»,-նշել է Սերբիայի ԱԳ նախարարը:
Սելակովիչը նաև համոզմունք է հայտնել, «Թուրքական հոսք» նախագծի իրագործումը Սերբիային էներգաանվտանգության նախկինից ավելի բարձր մակարդակ է երաշխավորում։ Սերբիան ռուսական գազի մատակարարման գոյություն ունեցող պարտավորագրի հնարավոր երկարացման կամ նոր պարտավորագրի կնքման հույս ունի, հավելել է Նիկոլա Սելակովիչը:
«Ես վստահ եմ, որ դա (գազի մատակարարման պարտավորագրի երկարացումը կամ նոր պարտավորագրի կնքումը) միջկառավարական հանձնաժողովի քննարկան համար առեւտրա-տնտեսական համագործակցության շուրջ թեմաներից մեկը կլինի: Բայց դա կքննարկեն նաեւ ընկերությունները, ես նկատի ունեմ «Սերբիագազ»-ը եւ «Գազպրոմնեֆտ»-ը:
Եվ ես հուսով եմ, որ նրանք որքան կարելի է շուտ կհասնեն համաձայնության»,-նշել է նա: Դրա հետ մեկտեղ Սերբիայի ԱԳ նախարարը նշել է, որ ավելի շատ պարտավորություններ կհայտնվեն գազատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման շուրջ: Սերբիա ռուսական գազի մատակարարման պարտավորագիրն ստորագրվել է 2013 թվականի մարտի 27-ին եւ գործում է մինչեւ 2021 թվականի վերջը: