Ամերիկյան Donald Cook հրթիռային էսկադրոնային ականակիրը լրացրել է վառելիքի պաշարները Հունաստանի Կրետե կղզու Սուդա-Բեյ բազայում և ուղղություն վերցրել դեպի Սև ծով: Այս մասին վկայում են նավերի տեղորոշման միջազգային համակարգի (AIS) տվյալները:
Էսկադրոնային ականակիրը բազայում մնացել է ինը ժամ, որից հետո մոտ 26.5 կմ/ժամ արագությամբ շարժվել է դեպի Դարդանելի նեղուց: Հավանական է, որ Donald Cook-ը Սև ծով կմտնի հինգշաբթի, ապրիլի 15-ին:
Donald Cook-ը ամերիկյան երկու ռազմանավերից մեկն է, որոնք պետք է մտնեն Սև ծովի ջրեր: Դեռ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում երկրորդ՝ Roosevelt էսկադրոնային ականակիրը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում եվրոպական Ռուսաստանի սահմանների մոտ:
Նախարարի խոսքով, ներկայումս օտարերկրյա ռազմական ուժերի հիմնական մարտական ներուժը տեղակայված է Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում: