Ոստիկանության աշխատակցուհի Քիմ Փոթերը, որը պատահաբար սեւամորթ տղամարդու է գնդակահարել Մինեապոլիսի արվարձանում, եւ քաղաքային ոստիկանության պետ Թիմ Գենոնը ապրիլի 12-ին պաշտոնաթող են եղել: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Քաղաքապետ Մայք Էլիոթի կարծիքով, դա կօգնի հանդարտեցնել քաղաքի փողոցներում բողոքի դուրս եկածներին: Ավելի վաղ Փոթերին եւ Գենոնին պաշտոններից հեռացնելու օգտին արտահայտվել էին քաղաքային խորհրդի անդամները:
Սպա Քիմ Փոթերի եւ ոստիկանության պետ Թիմ Գենոնի պաշտոնաթողությունները տեղի են ունեցել սեւամորթ Դանթե Ռայթի մահվանից երկու օր անց: Որոշումն այն մասին, թե արդյոք դատախազները մեղադրանք կառաջադրեն Փոթերի նկատմամբ, կընդունվի ապրիլի 14-ին: Մինչեռ Մինեապոլիս եւ Սենթ-Փոլ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: Ապրիլի 11-ին Բրուքլին-Սենթերի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Դանթե Ռայթի ավտոմեքենան ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու պատճառով, բայց տղամարդը հրաժարվել է ենթարկվել ոստիկանությանը եւ փորձել է թաքնվել, ինչից հետո ոստիկանության աշխատակցուհին կրակել է նրա վրա: Քաղաքային ոստիկանության պետի խոսքով՝ Փոթերը սխալմամբ վերցրել է ատրճանակը, երբ պատրաստվում էր վերցնել իր էլեկտրաշոկերը:
Ռայթին հաջողվել է անցնել մի քանի թաղամաս, նախքան ավտոմեքենան կբախվեր այլ ավտոմոբիլի: Տղամարդը մահացել է, չնայած ոստիկանների կողմից ցուցաբերված բժշկական օգնությանը: Միջադեպը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել Մինեապոլիսի արվարձանում: Բողոքողների հետ ոստիկանության բախումից հետո Բրուքլին-Սենթեր են մտցրել ազգային գվարդիային, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:










































