Թուրքիայի հետ օդային հաղորդակցության դադարեցումը կապված չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Անկարա այցի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ», – պատասխանել է նա համապատասխան հարցին:
Նա ընդգծել է, որ որոշումն ընդունվել է կորոնավիրուսի հետ կապված տագնապալի իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ թռիչքները ապրիլի 15-ից հունիսի 1-ը:
Նրա խոսքով, այս որոշումը կայացվել է օպերատիվ շտաբի կողմից: Կանոնավոր թռիչքները նույնպես սահմանափակվելու են շաբաթական երկու չվերթով:
Բացի այդ, տուրօպերատորներին խորհուրդ է տրվել դադարեցնել դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը: