Աֆղանստանի հատուկ ծառայությունները Քաբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Գուլամ Նասերին: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ Գուլամ Նասերը, ով առավել հայտնի է որպես Ալ-Խորասանի, հանդիսանում է նաև աֆղանական արմատական «Թալիբան» շարժման առաջնորդ:
Սալեհի խոսքով՝ Նասերը կազմակերպությունում «առանցքային դեր է խաղացել» Քաբուլում ահաբեկչական հարձակումների գործում: Բացի այդ, նա մեղադրվում է 14-ամյա տղային առևանգելու, նրան խոշտանգելու, բռնաբարելու և սպանելու մեջ:
Աֆղանստանի իշխանությունների հայտարարության համաձայն՝ Նասերը տեսադաշտից անհետացել է վերոհիշյալ հանցագործությունները կատարելուց հետո: Ավելի ուշ նա ձերբակալվել է Աֆղանստանի ազգային անվտանգության մարտիկների կողմից: