Իսպանիայի ոստիկանությունը հաղորդել է, որ Եվրոպա լիգայի «Գրանադա»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում տղամարդը, որն առանց հագուստի դաշտում վազում էր, մինչ խաղի սկիզբը 14 ժամ թաքնվել է մարզադաշտում:
«Նա մարզադաշտ է հասել առավոտյան ժամը 7-ին, անցել անվտանգության գիծը և հաջորդ 14 ժամերը անցկացրել՝ թաքնվելով բրեզենտի տակ, որպեսզի իրեն չտեսնեն: Այնտեղից էլ նա դուրս է վազել խաղադաշտ»,- տեղի ոստիկանության հայտարարությունը մեջբերում է Goal.com-ը:
Գարսիան խաղադաշտ է վազել խաղի յոթերորդ րոպեին: Խաղը կարճ ժամանակով ընդհատվել է, մինչև ոստիկանությունը իրավախախտին դուրս է բերել մարզադաշտից:
Տղամարդու անունը Օլմո Գարսիա է, նրա մականունն է տեղացիների շրջանում «մերկ գրանադյան մարդ»՝ հասարակական վայրերում մերկ զբոսանքների նկատմամբ հակում ունենալու պատճառով: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ վերջին ամիսներին նրա դեմ 15 բողոք է ներկայացվել, իսկ երեք գործ ուղարկվել է դատարան:
Ինքը՝ Գարսիան, հայտարարում է, որ իր ակցիաներով հանդես է գալիս հօգուտ խաղաղության ամբողջ աշխարհում և շրջակա միջավայրի պաշտպանության: Նրա կարծիքով՝ առանց հագուստի մարդն ավելի անկեղծ է այն ամենի հետ, ինչն իրեն շրջապատում է: