Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալների մեղադրանքը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով վերացվում է։ Հիմա ի՞նչ է լինելու․ «Առաջին լրատվական»-ի հարցին վերլուծաբան Արեգ Քոչինյանը պատասխանեց․ «Գիտեք՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո դա արդեն անակնկալ չէր։ Այս իրավիճակում, ես գտնում եմ, որ պատասխանատվությունն ամբողջությամբ իշխանության դաշտում է։ Իշխանությունը պատասխանատու է Մարտի 1-ի գործը տապալելու համար։ Մարտի 1-ի բռնությունների համար Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա, սակայն նա այդ պատասխանատվությունը չի կրելու՝ այս իշխանությունների պոտենցիայի և ինտելեկտի բացակայության պատճառով։ Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տար, և հիմա նա պետք է գտնվեր մեկուսարանում, այլ ոչ թե զբաղվեր քաղաքականությամբ ու ընտրություններին պատրաստվեր։ Սատկած վիշապին բերեցին կապեցին մեր գլխին»։
Իսկ «Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պատմաբան Սամվել Պողոսյանն էլ ասաց․ «Հիմա Ռոբերտ Քոչարյանը կամ նրա կողմնակիցները հորթի հրճվանքով կարող են ասել, որ Ռոբերտ Քոչարյանին դատարանով ազատ են թողել, բայց ինչի՞ մասին է խոսքը։ Տեսեք՝ նա չի արդարացվել, կարողացել է փախնել արդարադատությունից։ Փաստորեն ստացվում է, որ դու կարող ես մարդ սպանել, թալանել երկիրը, և այդ թալանած գումարներով լավ փաստաբաններ վարձես ու ազատվես պատասխանատվությունից»։
Մանրամասները՝ տեսանյութում