Բաքուն հայտարարել է, թե Շուշիում հայտնաբերել են «Իսկանդերի» բեկորներ, ինչը նշանակում է, որ հայկական զինուժը կիրառել է «Իսկանդեր»: Բաքուն «թարմացնում» է «Իսկանդերի» թեման, և հարց է առաջանում, թե ինչու: Բանն այն է, որ երբ Հայաստանի վարչապետ Փաշինյանը խոսեց «Իսկանդերի» մասին, ինչից հետո ծավալվեցին թե՛ Հայաստանի ներքաղաքական՝ ԳՇ ուղղությամբ, թե՛ հայ-ռուսական բավականին բուռն զարգացումներ, Ադրբեջանը կանգնեց Ռուսաստանի «կողքին»: Ռուսաստանի Գլխավոր շտաբը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում չի եղել «Իսկանդերի» արձակում: Ալիևն էլ հայտարարեց, թե իրենք որևէ կերպ չեն արձանագրել «Իսկանդերի» արձակում: Այժմ, ահա, Բաքուն հայտարարում է, որ «Իսկանդերը» արձակվել է Շուշիի ուղղությամբ: Այսինքն՝ Բաքուն փաստորեն հայտարարում է, որ ռուսական Գլխավոր շտաբը ճիշտ չէ՝ կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ստում է: Թե՞ ստում է Բաքուն: Համենայնդեպս, սուտ, թե ճիշտ՝ այդուհանդերձ խիստ ուշագրավ է, որ Ադրբեջանը մեջտեղ է բերում «Իսկանդերի» թեման: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ թեմա կա Ռուսաստանի հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: