Ի՞նչ ժառանգություն է ձեզ թողել Հակոբ Արշակյանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը պատասխանեց․ «Ես, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ կայացել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը, որովհետև, հավատացեք՝ ինստիտուցիոնալ առումով հեշտ չի նոր կառույց ստեղծել։ Այս առումով, կարծում եմ, որ նախարարության կայացման առաջին էտապը բարեհաջող ավարտվել է, բայց մենք դեռ էտապներ ունենք անցնելու, որպեսզի Հայաստանում կայանա նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը»։
Կյանքը ցույց տվեց, որ մենք պատրաստ չէինք պատերազմին։ Մինչդեռ, երբ մենք ասում էինք՝ բարձր տեխնոլոգիաներ կամ քննարկում էինք Հայաստանի ձեռքբերումները, ներքին համոզմունք ունեինք, որ դա տանում է դեպի մեր անվտանգային համակարգի ուժեղացում։ «Ցավոք սրտի, իրավիճակը շատ ավելի բարդ է և անհասկանալի մեզ համար այն առումով, որ մենք մեր բարձր տեխնոլոգիական մտավոր կարողություններով միշտ գերազանցել ենք, և այսօր էլ գերազանցում ենք Ադրբեջանին։ Ընդ որում, մենք կարգով ենք գերազանցում Ադրբեջանին։ Իսկ եթե հաշվի առնենք նաև Սփյուռքի ներուժը, որը ևս բավականին մեծ չափով ներգրավված է այս ոլորտի մեջ, ցավալի է, որ մենք չկարողացանք կապիտալիզացնել այն մեծ մտավոր ներուժը, բայց մեր հակառակորդը կարողացավ կապիտալիզացնել իր փոքր ներուժը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայկ Չոբանյանը։