ԱԴԾ-ի աշխատակիցները բերման են ենթարկել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս աջակիցների, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Ստավրոպոլի երկրամասում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Նշվում է, որ ուժայինները, ՆԳՆ աշխատակիցների հետ միասին, Կիսլովոդսկում բերման են ենթարկել նախկինում ընդհանուր քրեական հանցագործությունների համար դատված 1996թ.-ին ծնված ռուսաստանցու. նա «միջազգային ահաբեկչական կազմակերպությունների շահերից ելնելով» հարձակում էր նախապատրաստում իրավապահների վրա՝ ինքնաշեն ռումբերի օգտագործմամբ:
Ավելի ուշ ձերբակալվել են նրա երեք հանցակիցները, նույնպես ՌԴ քաղաքացիներ, որոնք գումար էին փոխանցում Սիրիայում ահաբեկչական կառույցների զինյալներին:
Ըստ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնի, ձերբակալվածները Ստավրոպոլի երկրամասի տարածքում ահաբեկչական հանցագործություններ իրականացնելու համար ստեղծել են ԻՊ կողմնակիցների բջիջ: