Քաղաքագետ Կայծ Մինասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նկատեց. «Այսօր շատ դժվար է խոսել, շփվել, համագործակցել Թուրքիայի հետ, մանավանդ, որ այն շարունակում է իր ճնշումները գործադրել հայության, Հայաստանի և Արցախի նկատմամբ»:
Նրա խոսքով՝ թեև հայկական դիվանագիտությունը շատ թույլ է այսօր, դա, սակայն, չի նշանակում, որ պետք է ամեն ինչ զիջել. «Հայաստանը պետք է մտածի որպես իսկապես և իսկական ինքնիշխան պետություն: Եվ եթե նույնիսկ Ռուսաստանը ճնշի մեզ, և նույնն անի նաև Թուրքիան անուղղակիորեն, մենք, և ոչ միայն մենք, այլև Վրաստանը, պետք է դիմենք միջազգային հանրությանը և ասենք՝ ձեր շահերից է բխում մեզ հետ լավ լինելը, իսկ Ցեղասպանության ճանաչումը ինքնաբերաբար կտարածի ձեր արժեքները: Թուրքիան և Ռուսաստանը չեն ուզում, որ Միացյալ Նահանգներւ ճանաչի Ցեղասպանությունը, որովհետև այդ ճանաչումը կքաջալերի համայն հայությանը նայելու դեպի Արևմուտք: Սրանում մի քիչ չափազանցություն կա, որովհետև Հայաստանը գտնվում է Կովկասում, և այլ երազանքներ չպետք է ունենալ»:
Մեր զրուցակիցը ընդգծեց. «Եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա չի անի հայերի համար, այլ միայն ու միայն իր անձնական ու ամերիկյան շահերի համար: Սակայն ճանաչել Ցեղասպանությունը կնշանակի վերադարձ դեպի Կովկաս»:
Կայծ Մինասյանը կարծում է, որ Թուրքիան ուզում է Հայաստանը առանց հայդատիզմի, առանց ազգային ռազմավարության. «2020 թվականին ռուսները, թուրքերը և ազերիները ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանը իր ազգային ռազմավարությունը չունենա: Այսինքն՝ նրանք ուզում են ունենալ հակահայդատիզմի Հայաստան»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: