2011 թ. սկսած՝ իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումը կրթական ծրագրերում:
Առաջատար ձեռնարկությունների տեխնոլոգիաների միության տնօրեն Րաֆֆի Քասարջյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին երկու տարիներին նախաձեռնությունն ընդլայնման փուլում է գտնվում, ստեղծվել է շուրջ 600 լաբորատորիա Հայաստանում, Արցախում և Ջավախքում. «Նպատակը մեկն է, մեկտեղել տարբեր գիտելիքները և հմտությունները, որպեսզի 10-18 տարեկանները կարողանան հմտություններ ձեռք բերել ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման և ծրագրավորման ոլորտում: Այս տարի նաև ԱԹՍ-ների հետ կապված ծրագիր է մեկնարկել»:
Քասարջյանի խոսքով՝ ԱԹՍ-ները կարող են կիրառվել ոչ միայն ռազմական և անվտանգային նպատակներով, այլ նաև տնտեսության և առողջապահության ոլորտներում:
«Գերտերությունների պայքարում կարող ենք գոյատևել միայն գիտության շնորհիվ»,- ընդգծեց Քասարջյանը: Նա նաև հավելեց, որ պետք է երկրում միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որպեսզի «ուղեղների արտահոսք» տեղի չունենա:
Մանրամասն՝ տեսանյութում: