«Հայի Աստվածը» թեման թվում է վրիպած. հասարակության երեք քառորդը իրեն համարում է աթեիստ, իսկ վերնախավի մեջ նրանց բաժինը ավելի մեծ է: Մեր առաջին երկու նախագահները աթեիստ են, երրորդը ժամանակ առ ժամանակ մասնակցում է որոշ արարողությունների և մոմ վառում:
Կարծում եմ, որ նրան ավելի շուտ հրապուրում է կրոնը` որպես իր անօրեն իշխանությունը օրինականացնող միջոց, այսինքն՝ որպես իշխանական լրացուցիչ ռեսուրս: Մյուս կողմից` արժե հիշել Նիլս Բորի մասին հայտնի անեկդոտը. ընկերները տեսնելով Բորի տան մուտքի դարպասի վրա պայտ, զարմանում են. մի՞թե նա հավատում է այդ սնահավատությանը: Հայտնի ֆիզիկոսը պատասխանում է. «Ասում են, որ չհավատացողներին էլ է օգնում»: Սա նշանակում է, որ մարդը հակված է որոշ պատկերացումներ ընդունելու անքննադատաբար` հավատալով դրանց, մյուսներին վերաբերվելով կասկածանքով:
Եթե կարդում եք եկեղեցու պաշտպանների գրվածքները, ապա առաջինը, որ աչքի է զարնում այն է, որ նրանք միօրինակորեն նույն սխեմայով են գրված: Հեղինակը հայտարարում է, որ Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության հիմքն է և սկսում է դատողություններ անել «ազգային ինքնության» մասին: Փաստորեն, նրանց հետաքրքրում է ոչ թե հավատը, այլ՝ «ազգայինը»:
Կրոնը և եկեղեցին միասին ռացիոնալ մտածող գիտնականների համար համարյա միշտ եղել են սնահավատության աղբյուր, միջնադարի ժառանգություն, առաջադիմությունը արգելափակող հաստատություն: Հեղափոխական մարքսիստների համար կղերը շահագործումը արդարացնող խավ է, իշխող դասակարգի գաղափարախոսական ապարատի մի մասը: Այս մոտեցումները, գոնե Հայաստանում, թվում են ճշմարտացի. կղերը պաշտպանում է բռնապետությանը, դեմ արտահայտվում դրական փոփոխություններին: Բայց հաշվի առնելով, որ այդ ամենը կատարվում է ազգայնական դրոշի ներքո, ապա մեղադրանքները պետք է ուղղվեն հիմնականում ազգայնականությանը: Ազգայնականության գաղափարների ազդեցության անկմանը զուգահեռ, անշուշտ, Հայ եկեղեցին կդառնա պակաս ազգային, բայց ավելի «առաքելական և ուղղափառ», ավելի քրիստոնեական:
Մյուս կողմից` հայերի մի զգալի մասը ընտրում է նոր քրիստոնեական դավանությունները, հատկապես նրանք, որոնք առավել խստակյաց են: Հավանաբար նրանք փնտրում են հենց այդ «ուղղափառը և առաքելականը», ինչը դժվար է գտնել Հայ Առաքելական եկեղեցում: Հայաստանցի հասարակ քաղաքացիները ավելի են պատրաստ գնալու զոհողությունների հանուն «հավերժական կյանքի և հոգու փրկության», քան թե մամոնային պաշտող քրեական և կիսաքրեական վերնախավը: Եվ դա չեն անում հանուն Արևմուտքի նյութական օգնության, ինչպես փորձում են զրպարտել իշխանամետ հրապարակախոսները: Սա անընդունելի է. հասարակ մարդիկ ձգտում են Քրիստոսին, իսկ վերնախավը, ձևականորեն պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցուն, իրականում այլ աստված և այլ պաշտանմունք ունի՝ փողը: Մի շամշադինցի բժիշկ, որի պատմածին, կարծում եմ, կարելի է վստահել, պնդում էր, որ իրենց միլպետի մեքենայի համարանիշը 666 է: Ըստ նրա հավաստիացումների` Բերդի կղերը «ըմբռնումով» է վերաբերվել պաշտոնյայի այս «քմահաճույքին» և թույլատրել նրան մասնակցելու արարողություններին և սուրբ խորհուրդներին:
Ըստ իմ սեփական գնհատականների` Հայ Առաքելական եկեղեցին ունի մոտ 100 000 ակտիվ հետևորդ, մյուսները միասին՝ 200 000-ից 400 000: Մեր հավատը արդեն բողոքական է, և դրա պատճառը «հոգեորսների» ճարպկությունը չէ:
Արևմուտքում և երրորդ աշխարհում աշխատավորների և հասարակ մարդկանց բողոքի շարժումը մինչև 80-ականները ղեկավարում էին տարատեսակ մարքսիզմները և սոցիալիզմները: Այս գաղափարախոսության հեղինակության անկման հետ աճեց հոգեգալստական և խարիզմատիկ եկեղեցիների ազդեցությունը: Աշխարհում, հիմնականում երրորդ աշխարհում, նրանց թիվը մոտ 600 միլիոն է, որը, համաձայնեք, տպավորիչ թիվ է: Այդ դավանությունները դարձել են քաղաքային չքավորության ապավենը ողջ աշխարհում: Այդ նոր քրիստոնեական դավանությունները նրան օգնում են դիմագրավելու գլոբալացված աշխարհի և նեոլիբերալ գիշատիչ կապիտալիզմի մարտահրավերները: Եվ ընդհակառակը. առևտրականացված աշխարհում «ազգային ինքնատիպությունը» փաթեթավորվում է և վաճառվում որպես գլոբալ շուկայի ապրանք: «Առաջին քրիստոնեական երկիր», «Նոյը իջավ Արարատին», «դուդուկ» և այլ թեմաները արժեք ունեն այնքանով, որ կարող են դառնալ համաշխարհային բրենդ:
Կրոնը բանալի է սոցիալական համերաշխության համար, և կրոնը կարևոր է ոչ թե իր բովանդակության համար, որի մասին հետևորդները հաճախ աղոտ պատկերացում ունեն, այլ որպես սոցիալական խմբերի խորհրդանիշ: Կրոնը ապրում է մեր երևակայության մեջ. նրա խնդիրը աշխարհը տեսիլքներով լցնելն է: Այդպիսի երևակայական իր է նաև համայնքը կամ հասարակությունը: Աստված հասարակությանը հարաբերվում է ինչպես նշանակիչը նշանակումին: Հասարակության անդամներին իրար կապում են բարքերի ընդհանուր կանոնները. հասարակության անդամը իրեն համարում է բարոյապես արդար, անարդարը՝ մեղավորը, վռնդվում է հասարակությունից: Նա, ով տվել է արդարի և մեղավորի զգացումը, խումբը վերագրում է իր աստծուն. այս իմաստով իր հոգին պատկանում է նրան: Ով դեմ է գնացել բարքերի կանոններին դեմ է գնացել և իր աստծուն և հասարակությանը:
Եթե հասարակությունները տարբեր են, տարբեր է նաև նրանց ներկայացնող աստվածը: Ավստրալական աբորիգենների կրոնը տոտեմական է, քրիստոնյաների աստվածը՝ ունիվերսալիստական՝ ընդհանրական: Որքան հասարակությունը դառնում է բարդ, այնքան աստծու պատկերացումը դառնում է վերացական: Մաքս Վեբերը համարում էր, որ կապիտալիզմի ոգին ծագել է բողոքական էթիկայից: Էմիլ Դյուրկհեյմը համարում էր, որ ինդուստրիալ հասարակությունը այնքան բարդ է, որ նույնիսկ աստծու ամենավերացական գաղափարը հալվում է օդի մեջ. նրան փոխարինում է հումանիզմը:
Ընդհանրական կրոնները հակված են նույնանալու որոշակի պետական միավորի հետ և հալածել այլ կրոնական հարանվանությունները ու պատերազմել այլ պետությունների հետ: Բայց ժամանակի ընթացքում ընդհանրական կրոնները աստիճանաբար վերածվում են քաղաքական իդեալների: Երեք մեծ քաղաքական շարժումները՝ լիբերալիզմը, սոցիալիզմը և պահպանողականությունը ծագում են կրոնի անկման պատճառով: Գաղափարախոսությունները շարունակում են կրոնի գործը այլ ձևերի մեջ:
Եթե աստվածը հասարակության խորհրդանիշն է, ապա հայկական վերնախավի հավատի մասին պատկերացումները ուշադրության արժանի են: «Հանրապետական» կուսակցության անդամների մի մասը մասնակցում է Գառնիի հեթանոսական արարողություններին, ինչը ինքնին վրդովեցուցիչ է: Մյուս կողմից` կարելի է ենթադրել, որ այնտեղ նրանք ցանկանում են գտնել Արտաշեսյան կամ Արշակունիների դինաստիայի ոգին: Գտնում են վաղ ֆեոդալիզմ, երկիրը վերաձևում ֆեոդալիզմի տարազով, որը իր ցանկացած ձևի մեջ հանդիսանում է ավազակապետություն: Բայց ավելի հետաքրքիր է դիտարկել Տիգրան և Սերժ Սարգսյանների կրոնական ընկալումները: Դրանք բյուրեղացած են Ներսես Շնորհալուն վերագրվող «Ազատություն՝ երկրորդականում, միություն՝ կարևորում և սեր՝ ամենում» բանաձևի մեջ: Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը այս ասույթը վերագրում էր Օգոստինոս Երանելուն: Զանց առնենք, թե ինչպես են այս իդեալները իրագործում այս քաղաքական գործիչները: Ուշագրավը այլ է:
1990թ., երբ մեր հասարակությունը ընտրել էր անկախ պետականության ուղին, իշխողը այլ իդեալներ էին՝ ազատություն, հավասարություն և եղբայրություն՝ դեմոկրատական պետության իդեալները: Վազգեն Առաջին Կաթողիկոսը, օրհնելով նորընտիր խորհրդարանը, մասնավորապես ասել է. «Այսօր իմ բոլոր մտածումները, մաղթանքները և սպասումները ուզում եմ արտահայտել մեկ ամփոփ բանաձևումով, որ ընդունված է մեր եկեղեցու կյանքում: Այդ է «ազատութիւն յերկբայականս, միութիւն ի կարևորս և սեր յընդհանուրիս»»: Թվում է` նույն բանաձևն է, բայց հայոց հայրապետը այն մեկնաբանում է այլ՝ հակասարգսյանական իմաստով: Շարունակության մեջ նա ասում է. «Այսինքն՝ ազատություն բոլոր այն հարցերում, որոնք դրվում են ձեր առաջ ի քննություն, ազատություն մտածումի և արտահայտություն բոլոր հարցերում, որոնք քննարկելի են, որոնք կարիք ունեն լուսաբանվելու, որոնք վիճելի են նույնիսկ: Դա մեր եկեղեցու հին բանաձևումներից մեկն է, որ, ինչպես նկատեցիք, լիովին համապատասխանում է մեր օրերի ժողովրդավարական սկզբունքներին:
Երկրորդ՝ միութիւն ի կարևորս: …Ուրեմն բախտորոշ հարցերում պետք է ստեղծվի այդ միությունը, բախտորոշ մեր ազգի գոյատևման, մեր հայրենիքի պաշտպանության և անվտանգության տեսակետից, որովհետև մեր օրերում և նաև գալիք օրերում կարող ենք կանգնել վտանգի առաջ…
Եվ երրորդ՝ սեր: Սերը, որ մայրն է բոլոր բարիքների մարդկային կյանքում առհասարակ, նաև հասարակական կյանքում: Այս դեպքում սեր ասելով` պետք է հասկանանք հատկապես եղբայրությունը…»: Սոցիալական անարդարության, բևեռացվածության և իրավազրկության պայմաններում եղբայրության մասին խոսելը ավելորդ է: Վազգեն Առաջինը ժողովրդավարական արժեքների կրողն էր, իսկ սարգսյանները՝ ավատատիրական, այստեղից նրանց այս բանաձևը աղավաղելու ձգտումը:
Բայց ինչո՞ւ մեր հայրենակիցների մեծամասնությունը աթեիստ է: Ընկերներիցս մեկը այսպիսի դեպք է պատմել: Աշոցքի կաթոլիկ հիվանդանոցում հիվանդներից մեկին հաջորդ առավոտ սպասվում էր վիրահատություն: Աշխատակիցներից մեկը հարցնում է. կուզենա՞ր աղոթել հիվանդանոցին կից աղոթատանը, հավատո՞ւմ է Աստծուն: Հիվանդը պատասխանում է. հավատում եմ, ոնց չեմ հավատում, մեռնեմ Աստծու զորությանը, բայց ո՞ր Աստված չկա:
Իմաստը շատ պարզ է. Աստծու վրա հույս դնել չի կարելի, հույս չկա, վստահություն չկա: Եթե ճիշտ են սոցիոլոգները, որ հասարակությունն է ստեղծում Աստծուն, ապա մեր դեղատոմսը պարզ է. կլինի արդարություն, կլինի հասարակություն, կլինի նաև Աստված: