Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված այս լարված իրավիճակը, և արդյո՞ք ընտրությունները ճգնաժամային այս իրավիճակից կարող են ելք լինել․ «Առաջին լրատվական»-ի հարցին պատմաբան Զոհրաբ Գևորգյանը պատասխանեց․ «Մեծ հաշվով՝ ճգնաժամը գոյանում է երկար ժամանակ չլուծված խնդիրների կուտակման հետևանքով։ Այսինքն՝ յուրաքանչյուր միավորի պարագայում՝ կլինի դա ընտանիք, հաստատություն, ընկերություն, պետություն, ճգնաժամը հասունանում է այն իրողության պայմաններում, երբ առկա է առաջին հերթին մտածողության ճգնաժամ։ Հիմա կարող ենք ասել, որ ճգնաժամը կապված էր պատերազմի հետ, բայց պատերազմը նույնպես ինչ-որ բանի հետևանք է։ Հետո պատերազմն էլ է դառնում ինչ-որ բանի պատճառ։
Ի՞նչ նկատի ունեմ մտածողության ճգնաժամ ասելով։ Երբ հասարակության մեջ ավելի շատ լուծումներից չեն խոսում՝ չկա այդ մշակույթը։ Լուծումներից կարելի է խոսել, երբ կարողանում ես արդյունավետ վեր հանել պատճառները։ Խնդիրն այն է, որ մեր իրականության մեջ բավական է մի փոքր դիտարկել, թե ինչ է կատարվում հանրության մեջ, հասարակության մեջ, ապա մենք կտեսնենք, որ մենք պատճառներ վեր հանող հասարակություն չենք։ Մենք ավելի շատ բողոքող ենք, մենք ավելի շատ տեսնում ենք փոքր դետալը, բայց չենք կարողանում այդ փոքր դետալն ամբողջ պատկերի մեջ տեսնել։
Դա իրականում կրթական խնդիր է։ Այսինքն՝ մենք հասարակության մեջ չունենք զգացնել տվող խնդիր լուծողներ։ Իսկ դրանք արդեն հստակ ցուցիչներ են, որոնք խոսում են տվյալ հասարակության, հանրության կրթական միջավայրի, վերլուծական մտածողության, քննադատական մտածողության մասին։ Առհասարակ, մարդկանց հետ հարաբերվելուց հասկանում ես, որ քննադատությունը, որպես այդպիսին, նույնիսկ սովորույթային մակարդակի մեջ չկա, էլ չեմ խոսում ինքնաքննադատության մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում։