«Խնդիրները սկսվել են ոչ միայն պատերազմին, այլև պատերազմից առաջ՝ պայմանավորված կորոնավիրուսով: Երբ ամփոփվեցին 2020-ի տվյալները, ունեինք մեկ դրական ցուցանիշ՝ Հայաստանի Հանրապետությունում ծնունդների բացարձակ թիվն աճել էր 407-ով՝ 2019-ի համեմատ»,- անդրադառնալով Հայաստանում ժողովրդագրական իրավիճակին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Արտակ Մարկոսյանը:
Նրա խոսքով՝ մնացած առումներով ցուցանիշները բարվոք չէին. «1988 թվականից ի վեր մենք ունեցանք ամենաբարձր մահացության ցուցանիշը (մոտավորապես 35 հազար մահացություն)՝ կապված կորոնավիրուսի և պատերազմի հետ: Դրա հետևանքով մեր բնական աճի ցուցանիշը 2020 թվականին 2019-ի համեմատ նվազել է մոտ 9 անգամ և կազմել 1100 մարդ»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո կորուստները առաջին հերթին կզգացվեն աշխատաշուկայի վրա. «Դա այն երիտասարդ սերունդն էր, որ մոտակա կարճ ժամանակամիջոցում պետք է մուտք գործեր աշխատանքային շուկա: Ժողովրդագրության տեսանկյունից մի քիչ ավելի ուշ կզգացվեն դրա հետևանքները: Եվ այսօր խնդիր կա փոխհատուցելու այդ կորուստները և փոխհատուցել ծնելիության մեծացմամբ, ուստի պետք է ստեղծվեն լրացուցիչ պայմաններ, որպեսզի մեր ընտանիքներում ծնվեն ավելի շատ երեխաներ, և խթանվի ծնելիությունը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: