Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում սա Բլինքենի առաջին հանդիպումն է Թուրքիայի արտգործնախարարի հետ՝ գրում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ հանդիպումը կայացել է դրական մթնոլորտում: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություննների զարգացմանն առնչվող և միջազգային մի շարք հարցեր:
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլուն և Բլիքենն ընդգծել են ՆԱՏՕ-ում դաշնակցային հարաբերությունների նշանակությունը:
Բլինքենը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին, որ Թուրքիան նրան առաջարկել է Ստամբուլում հանդիպում կազմակերպել՝ Աֆղանստանի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրականի հարցերի շուրջ: Չավուշօղլուն կրկնել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպությունների» (հապավումը` FETÖ) հետ կապված Անկարայի պահանջներն ԱՄՆ-ից:
Նրանք քննարկել են նաև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը: